«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն Երևան, ես քեզ շատ եմ սիրում». Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը սեպտեմբերի 28-ին կայացած իր մենահամերգի ընթացքում և դրանից հետո լրատվամիջոցների հետ ունեցած զրույցի ժամանակ տարբեր շնորհակալական խոսքեր էր հնչեցրել, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձավ հետագայում: Բանն այն է, որ երգչուհին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում շնորհակալություն էր հայտնել Երևան քաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել:

168.am-ը խոսեց երգչուհու հետ` պարզելու, թե ի՞նչ է երգչուհին իրականում ասել և ինչո՞ւ է շնորհակալություն հայտնել Տարոն Մարգարյանին: «Համերգի ընթացքում ես շատ շնորհակալություններ հայտնեցի , բայց իմ շնորհակալություններն ուղղված էին բացառապես հոգեղեն արժեքներին՝ գնահատված լինելու և լավ զգացումների համար: Ես քաղաքապետին համերգի ժամանակ բեմից չեմ հայտնել շնորհակալություն, այլ՝ համերգից հետո տված իմ հարցազրույցներից մեկում: Իհարկե, եղան մարդիկ, ովքեր «աջակցություն» բառը քաղաքականացրին, բայց ես այսօր ուզում եմ անկեղծ ասել, որ քաղաքապետին շնորհակալ եմ ուղղակի որպես քաղաքացի, մարդ, որ ապրում է մի քաղաքում,  որտեղ ամեն օր ամեն հնարավոր բան արվում է, որ մենք ունենանք սիրուն ու լուսավոր Երևան»:

Նաև հավելեց. «Ես,  որպես բնիկ Երևանցի, մեծ աջակցություն եմ ինձ համար  համարում օրեցօր գեղեցկացող քաղաքում մենահամերգներ ունենալն ու ստեղծագործելը: Հիմա ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն Երևան, ես քեզ շատ եմ սիրում»:
 

 

Տեսանյութեր

Լրահոս