Հայկազ Խաչիկյանը չի հանդիպել Վազգեն Խաչիկյանին

Երեկ երեկոյան Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը փոխվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կ. Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Կ. Խաչիկյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել: Հիշեցնենք նաև, որ գոստոսի 30-ի երեկոյան Ոստիկանության Թումանյանի բաժինն ահազանգ էր ստացել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա տեղի ունեցած հարձակման մասին։ Կարեն Խաչիկյանն, ըստ Ոստիկանության, իմանալով դեպքի մասին, իր հորեղբորորդի Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էր Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի բնակարանը, դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել  նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին: Կարեն Խաչիկյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին:

Փաստաբան Ժորա Վարոսյանի խոսքով` Կ. Խաչիկյանի խափանման միջոցը փոխել են երկրից չհեռանալու ստորագրությամբ: Իսկ ինչո՞ւ է հենց երեկ նման որոշում կայացրել, և ի՞նչն է առիթ հանդիսացել դրա համար: Ժ. Վարոսյանն ասաց. «Ճիշտն ասած, երեկ երեկոյան է որոշումը կայացվել, և դեռ չկա իմ ձեռքի տակ: Կարեն Խաչիկյանին երեկ երեկոյան բաց են թողել, բայց մոտիվը չեմ կարող ասել այս պահի դրությամբ»:

Փաստաբանը նաև ասաց, որ իր ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարան` մերժվել է, որից հետո ինքը բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, բայց, ըստ նրա, հավանաբար, կհրաժարվեն ներկայացված բողոքից: «Այս դեպքում բողոքի իմաստը կորում է, քանի որ խափանման միջոցը փոխվել է»,- մեզ հետ զրույցում նշեց Կ. Խաչիկյանի փաստաբանը:

Իսկ Կ. Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, թե դժվարանում է ասել` ինչո՞ւ այսքան ժամանակ խափանման միջոցը չէր փոխվում: Հարցին, թե անակնկա՞լ էր եղբոր ազատ արձակումը, Հ. Խաչիկյանը պատասխանեց. «Անակնկալը անակնկալ չէր, որովհետև իր կատարած մեղքը կարելի է նաև ստորագրությամբ չհեռանալու միջոցով անել: Ինքն ընդունել է իր մեղքը, և պատրաստ ա եղել հասցրած վնասը վերականգնի և այլն»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում Ախթալայում, Հ. Խաչիկյանը պատասխանեց. «Սովորական, նորմալ վիճակ է: Ամեն մեկն իր գործով է զբաղված»:

Իսկ ինչ վերաբերում է Հ. Խաչիկյանի մյուս եղբոր` Վազգեն Խաչիկայնի գործին, ապա Հայկազ Խաչիկյանը նշեց, որ ինքը չի կարող որևէ բան ասել, քանի որ տեղյակ չէ մանրամասներին: Նա նաև նշեց, որ ինքն այս ընթացքում չի տեսել եղբորը:

 

Տեսանյութեր

Լրահոս