Շվեյցարիան Էրդողանի բողոքներից ազատվելու համար օրենք է փոխում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու պնդումներով Թուրքիան պարբերաբար պահանջում է, որպեսզի Շվեյցարիայում բազմաթիվ մարդկանց դատապարտեն: Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ օրենքում փոփոխություններ անելու համար Արդարադատության նախարարության իրավական հանձնաժողովը աշխատանքներ է սկսել: Հետայսու Էրդողանի բողոքներից ազատվելու համար հանձնաժողովը մտադիր է վերացնել Սահմանադրության` «պետության ղեկավարներին և կառավարություններին վիրավորելը» քրեականացնող հոդվածը:
Շվեյցարիայի դատական մարմիները վերջին տարիներին բավական շատ ժամանակ են ծախսում Թուրքիայի իրավական օգնության մասին ներկայացված պահանջների համար:
Թուրքիայի կառավարությունը բազմիցս դիմել է Շվեյցարիային այդ երկրում ապրող քաղաքացիներին դատապարտելու համար, որոնք «քննադատության են ենթարկել» Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին:
Շվեյցարիայի պետական ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ` 2016թ. մինչև օրս Թուրքիան Բեռնի իշխանությանը «Էրդողանին վիրավորելու» և «PKK-ի օգտին քարոզչություն ծավալելու» «հիմքով» շուրջ 30 անձի դատապարտման իրավական պահանջ է ներկայացրել: Սակայն Թուրքիայի ներկայացրած պահանջների մեծ մասը Բեռնի վարչակազմը մերժել է:
Իսկ որպես մերժման պատճառ շեշտվել է հետևյալը. «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK) Շվեյցարիայում արգելված կազմակերպություն է:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (PKK) ռազմաքաղաքական կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում: