ՌԴ-ն աշխատում է ԼՂ հարցով բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ: Այս մասին «Труд» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ»,- նշել է նա:
Լավրովն ընգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը 1994թ. հրադադարի համաձայնագրի երկրորդ համեմատաբար մասշտաբային խախտումն էր: Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարիների ընթացքում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետների և հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ բարձր ինտենսիվ մարտեր են ընթացել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ: Արդյունքում ռուսական ակտիվ միջնորդությամբ, թեկուզ ոչ առաջին փորձից, բայց հուլիսի 16-ին վերադարձել ենք կրակի դադարեցման ռեժիմին»,- ասել է Լավրովը: