Բաժիններ՝

«Փոքր նվեր արդարադատության կողմից Առաքել Մովսիսյանին»․ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը

Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանն այսօր ուղիղ եթերում տեղեկացրեց, որ երկու օր առաջ Վերաքննիչ դատարանում եղել է իր պաշտպանյալի գործով Դատախազության բողոքի քննությունը, և դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Դատարանն այսօր շարունակել էր նիստը. րոպեներ առաջ տեղեկացա, որ կայացրել է որոշում, որով անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազության բողոքը:

Դավիթ Մովսիսյանը կշարունակի մնալ ազատության մեջ, կշարունակի իր զինվորական ծառայությունը, իսկ մենք պետք է հպարտանանք, քանի որ, ի վերջո, արդարությունը վերականգնվեց:  Եվս մեկ զինվորով կավելանա մեր բանակը, մեր դիրքերն ամուր կմնան, քանի որ Դավիթ Մովսիսյանն Առաքել Մովսիսյանի որդին է, պինդ տղա է ու պիտի ծառայի Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց  Գոռ Գևորգյանը:

Ի դեպ, փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այսօր Առաքել Մովսիսյանի ծննդյան օրն է, և այս որոշումը համարեց նաև նվեր նրան: «Այսօր Առաքել Մովսիսյանի ծննդյան օրն է, սրտանց շնորհավորում եմ, ու նաև արդարադատության դրսևորման այդ յուրօրինակ ձևով ՝փոքր նվեր արդարադատության կողմից Առաքել Մովսիսյանին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, հուլիսի 27-ին կալանքից ազատ է արձակվել։

Հիշեցնենք նաև,  որ Դավիթ Մովսիսյանն անցնում էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը:

Նախաքննության ընթացքում, շարքայիններ Դ. Մովսիսյանին,  Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով,  և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս