«Որևէ մեկը որևէ մեկի առաջ ժամկետներ չի դրել, գաղտնի պայմանավորվածություններ չկան»
Մինչև տարեվերջ Հանրապետական կուսակցությունը կհրավիրի արտահերթ ժողով կամ համագումար, որտեղ կհայտարարի Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտոնական առաջադրման մասին: News.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը գաղտնի հանդիպումներ են ունենում և նախագահը ժամանակ է տվել Գագիկ Ծառուկյանին, Շարմազանովը ասել է, որ դա աբսուրդների շարքից է: «Որևէ մեկը որևէ մեկի առաջ ժամկետներ չի դրել, գաղտնի պայմանավորվածություններ չկան: Իսկ եթե հանդիպել են, այդտեղ զարմանալու բան չկա, որովհետև Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է և հնարավոր է` այդ շրջանակներում հանդիպումներ լինեն»,- ասել է նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով` նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի տեսակետը իրենց խնդիրն է, իրենց մենաշնորհը և ինչպես նրանք են հայտնել, երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարեն:
Նա հերքել է նաև տեղեկությունները, թե ԲՀԿ-ական նախկին պաշտոնյանների դեմ քաղաքական արշավ է սկսվել` շեշտելով, որ իրենք ընտրել են ժողովրդավարության ճանապարհը և դա դեմ է իրենց սկզբունքներին:
Ի դեպ, ՀՀԿ նիստին ներկա չէր վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ ովքեր ներկա չեն նիստին, հարգելի պատճառներով են բացակայել: