Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 19-ին տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասագավայի հետ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մասացուգու Ասագավային ԱԶԲ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո: Վարչապետը նշել է, որ ԱԶԲ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է, և մեր երկրում տարբեր՝ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության և կրթության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ՀՀ մասնավոր հատվածի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը վկայում են գործընկերության արդյունավետության մասին: «Մենք կարևորում ենք ԱԶԲ հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ԱԶԲ կողմից Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:
Մասացուգու Ասագավան ջերմորեն ընդունել է վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերության խորացումը: ԱԶԲ նախագահը ողջունել է կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերը և վերահաստատել ինչպես գործընկերության ծրագրով, այնպես էլ համավարակի հարուցած տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղղությամբ Հայաստանին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Պարոն Ասագավան նշել է, որ ԱԶԲ-ի և Հայաստանի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն, որի շրջանակում շարունակաբար իրականացվում են ՓՄՁ օժանդակության նախաձեռնությունները, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, ֆինանսական, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում նախանշված ծրագրերը:
Վարչապետը և ԱԶԲ նախագահը քննարկել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակի, դրա տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող քաղաքականության, այս համատեքստում գործակցության հեռանկարների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին՝ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հայաստանի կառավարությունը համավարակից հետո տնտեսության վերականգնման միջոցառումների փաթեթ է մշակում, որոնց իրականացման գործում մեծապես կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱԶԲ հետ համագործակցությունը: