35 միլիարդ եվրոյի գործարքը ձախողվել է Մերկելի պատճառով
Բրիտանական պաշտպանական ոլորտի BAE Systems ընկերության և ֆրանս-գերմանական աերոտիեզերական European Aeronautic Defense & Space (EADS) կոնցեռնի միաձուլումը խափանվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անձնական բացասական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին գրում է բրիտանական «The Guardian»-ը։
Եթե գործարքը տեղի ունենար, BAE/EADS-ի կապիտալիզացիան կհասներ 35 միլիարդ եվրոյի, իսկ աշխատակիցների ըիվը՝ 220 հազարի։
Ինչպես նշել է թերթի զրուցակիցներից մեկը, Մերկելը գործարքին դեմ է արտահայտվել «փիլիսոփայական տեսանկյունից»` նշելով, որ պաշտպանական ոլորտի և քաղաքացիական ինքնաթիռաշինության ընկերությունների համադրումը ճիշտ չէ։ Նրա դիրքորոշումն էլ դարձավ գործարքի գլխավոր խոչընդոտը, թեպետ վետո կարող էին դնել նաև Ֆրանսիայի և Բրիտանիայի կառավարությունները։
Իսկ BAE և EADS ընկերությունները՝ որպես բանակցությունների դադարեցման հիմնական պատճառ, նշել են գլխավոր բաժնետերերի անհամաձայնությունը որոշ պայմանների շուրջ։ Մասնավորապես, Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում էին նոր կառույցում ստանալ հավասար մասնաբաժիններ՝ յուրաքանչյուրը 9%, սակայն Բրիտանիան համաձայն չէր այդ տարբերակին։