Ինչու «Հարսնաքարում». hraparak.am
hraparak.am. Վաղը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Որքան էլ արտասովոր թվա, Սարգսյանն ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա կանաչ հատվածը,հիշեցնենք՝ համալիրը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։
Ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով ծեծկռտուքից հետո տեւական ժամանակ հանրությունը բոյկոտում էր այդ համալիրը, մինչեւ այժմ էլ հանրային վերաբերմունքը ռեստորանի հարցում միանշանակ չէ։ Ինչո՞ւ հենց «Հարսնաքարում», մեր հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց․
«Արտակարգ դրության երկարաձգումը կտրուկ նվազեցրել է նման կանխատեսելի մարդաշատ ասուլիսի անցկացման վայրի ընտրության հնարավորությունը, պարտադրելով կազմակերպիչիներին մի շարք սահմանափակումներ: Մենք պատասխանատու ենք զգում մեզ լրագրողների հանդեպ և ստեղծված իրավիճակում գտել ենք տեխնիկական և հակահամաճարակային պահանջներին լավագույնս համապատասխանող լուծում: Մնացած իբր թե քննադատությունը պարզունակ երեսպաշտություն է, որի հիմքում բացառապես Սերժ Սարգսյանի հանրային քաղաքական հարթակ վերադառնալու կապակցությամբ իշխանական և մերձիշխանական վախերն են: Թող չեղարկեին արտակարգ դրության այս անիմաստ ռեժիմը և ասուլիսը այլ վայրում տեղի կունենար»: