«Մենք էսօր այս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ». Նիկոլ Փաշինյան

«Ես գործնականում Սևանա լճի շուրջ պտույտ կատարեցի և էդ ընթացքում բազմաթիվ, բազմաթիվ, նու բազմաթիվ չգիտեմ, ահագին կանգառներ ունեցանք, և պետք է ասեմ, որ այցը շատ տպավորիչ ստացվեց»,- Գեղարքունիքի մարզում այսօր կատարած այցն ավարտելուց հետո, ճանապարհին, հենց մեքենայում ֆեյսբուքյան ուղիղ եթերում արդյունքներն ամփոփելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցի ընթացքում վարչապետը կանգառներ կատարեց Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Ծովաթաղ ճանապարհահատվածում, Արծվանիստ, Վարդենիկ, Լիճք, Ծովասար, Գանձակ, Լճաշեն համայնքներում, հետևեց տեղի ունեցող ճանապարհաշինարարական աշխատանքներին, մանկապարտեզների շինարարությանը:

«Սևանա լճի շուրջ 100 տոկոս հասանելիությունն ապահովելու խնդիրը լուծվում ա և էսօր հասել ա շատ լուրջ հանգրվանի: Սա առաջին մեր արձանագրումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այցելած համայնքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեսել է գյուղական փողոցներ, որոնք «նախկինում երբեք պատմության մեջ ասֆալտապատ չեն եղել և հիմա ասֆալտապատվում են», գյուղեր, որոնք երբեք մանկապարտեզ չեն ունեցել, հիմա նորը կառուցվում է:

Այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանականորեն անվանել է «հեղափոխության բերքահավաք»՝ շեշտելով, թե նախկինում այդ հատվածի բնակիչներին խոստումներ են տվել, ու այսօր այդ խոստումները կատարվում են:

«Էսօր գյուղերում կոնկրետ քաղաքակրթական հեղափոխություն ա տեղի ունենում: Մարդը, որ գյուղերը իրենց գոյության ողջ ընթացքում, որ շրջել են կալոշներով և, կներեք, սապոգներով, էսօր մարդիկ իրենց տնից դուրս են գալիս և բարձրակարգ, ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման համակարգերով, լուսավորության համակարգերով: Իհարկե, և էս, սա ինձ լավատեսություն ա տալիս ասելու, որ ՀՀ-ն դառնում ա մի մեծ շինհրապարակ: Չեմ ասում՝ դարձել ա արդեն, չեմ ասում, որ բոլոր հնարավոր ծրագրերը, որ մենք պիտի իրականացնենք, արդեն մեկնարկել են, բայց որ պրոցեսը սկսվել ա, և Հայաստանը վեր ա ածվում մի մեծ շինարարական հրապարակի, և, որ հեղափոխության ժամանակ տրված խոստումները շատ կոնկրետ կատարվում են, որոնք մարդկանց միջավայրում, մարդկանց ոտքի տակ (ես հեղափոխության ժամանակ ասում էի՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ), մենք էսօր այս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի նրանք ավելի վստահ քայլեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ հեղափոխությունը մարդկանց ինքնազգացողությունը փոխել է:

«Ես էսօր, երբ որ էս ծրագրերը նայում էի և տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս և ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի՞ հարց տա, ասի՝ «Ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: Էսօր էդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց: Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն ա եղել և դա ճիշտ որոշում ա, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք ա, այո, ստանան արժանապատիվ վարձատրություն: Եվ դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև ժողովրդի պատիվն է նաև, գործատուի պատիվն է, թե ինքը իր ծառային, իր աշխատողին ոնց է պահում և ոնց է վերաբերվում: Եվ Հայաստանի ժողովուրդը պետք ա ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, ովքեր 100 հազար, 200 հազար, 300 հազար, էդ պարգևավճարի կարիքը ունեն: Առաջին անգամ ա Հայաստանի պատմության մեջ, որ մեր երկրում գործում են մարզպետներ և նախարարներ, որոնք ունեն էդ պարգևավճարի կարիքը և որոնք թալանով չեն զբաղված: Եվ նրանք, ովքեր թալանով հանկարծ մտքներով կանցնի, նրանք գիտեն, որ կպատժվեն ամենախիստ ձևի: Եվ սա, էսօրվա այցը էդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ տվեց»,- ընդգծեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ովքեր ուզում են այդ հարցի պատասխանը ստանալ, կարող են գալ, շրջել, Սևանի չորս կողմը պտտվել, մտնել գյուղերով:

Անդրադառնալով մարդկանց տրամադրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այսօր մարդկանց մոտ նույն տրամադրությունն է, ինչ հեղափոխության ժամանակ: Ըստ վարչապետի՝ այսօր հեղափոխությունը բոլոր ասպարեզներում շարունակվում է՝ շատ վստահ, հաղթական:

Վարչապետը նաև խոսեց այն մարդկանց մասին, ովքեր, իր բնորոշմամբ, եկել են հեղափոխությունն իրենցից պաշտպանելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ նրանք չեն կարող հեղափոխության արժեքների պաշտպանությունից խոսել, որովհետև չգիտեն հեղափոխության արժեքները:

«Ես թույլ չեմ տա, որ որևիցե մեկը, որ 12 թվից, 13 թվից սկսած անընդհատ հեղափոխության դեմ ա գործել, կուլիսներում սրա-նրա հետ պայմանավորվածություններ ա ձեռք բերել, չգիտեմ, տարբեր սցենարներ ա բերել մեջտեղ ու ձախողել ա, անընդհատ ժողովրդին տարել ա հիասթափության, հիմա նրանք եկել են, հանդես են գալիս հեղափոխության պաշտպանների դերում: Դուք չունեք հեղափոխության որևէ արժեք պահպանելու, որովհետև դուք չգիտեք՝ որոնք են հեղափոխության արժեքները: Դուք դեռ պետք ա դասընթացներ անցնեք հեղափոխության արժեքների մասին գաղափար ունենալու համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս