«Մեր նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն էր, որովհետև պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էինք ստանում»․ Զարեհ Սինանյան
ՀՀ կառավարության պատվիրակությունն օգոստոսի 9-11-ը եղել է Լիբանանում, պատվիրակության կազմում եղել է նաև ԱԺ ներկայացուցիչ: Այցի նպատակը եղել է Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն հասցնելը և իրավիճակին տեղում ծանոթանալը: Այս մասին նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ամփոփելով լիբանանյան այցը:
«Օգնությունը բաղկացած էր 3 ինքնաթիռ բեռից. առաջին և երրորդ ինքնաթիռները նախատեսված էին Լիբանանի կառավարության և ժողովրդի համար ընդհանրապես, իսկ երկրորդ ինքնաթիռի բեռը՝ կոնկրետ լիբանանահայ համայնքի համար էր նախատեսված՝ այն բաղկացած էր դեղամիջոցներից, առողջապահական գույքից, սննդից:
Մեր նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն էր, որովհետև պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էինք ստանում պայթյունի ուժգնության, համայնքին հասցված վնասների, ինչպես նաև համայնքում տիրող տրամադրությունների մասին: Բնական է, որ համայնքում անհանգստության մասին դեռ մեկ տարի առաջ էլ սկսել էինք լսել, բայց այս պայթյունը պահանջեց, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և որի հիման վրա էլ ՀՀ կառավարությունն արդեն կմշակի իր հաջորդ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- մանրամասնեց Զ. Սինանյանը:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց նաև, որ այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել հոգևոր դասի ներկայացուցիչների հետ՝ Հայ Առաքելական, Կաթողիկե եկեղեցիների առաջնորդների, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանաչական եկեղեցիների միության նախագահի հետ:
Հանդիպումների ընթացքում հանձնակատարը լսել է նաև մշակութային, կուսակցական կառույցների, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, անհատներին, որպեսզի բոլոր շերտերից կարողանան տեղեկություններ ստանալ և ավելի օբյեկտիվ կարծիք կազմեն լիբանանյան իրականության մասին: