Ալիևի մամուլի ծառայությունը «գաղտնազերծել» է Ալիևի՝ Պուտինին զանգելու գլխավոր նպատակը
Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած հուլիսյան լարվածության համատեքստում:
Ռուսական կողմն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:
Այսօր արդեն Ադրբեջանի մամուլի ծառայությունը «գաղտնազերծել» է, թե որն է եղել Պուտինին զանգելու հիմնական պատճառը, որի մասին Կրեմլը լռում է:
Ըստ աղբյուրի՝ Ալիևը Պուտինի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվությունը բարձրացել է, ինչն ադրբեջանական հասարակության մեջ անհանգստության տեղիք է տվել:
Ալիևի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, ուստի գլխավոր նպատակը Պուտինի հետ հեռախոսազրույցի եղել է այս հարցի պարզաբանումը:
Հայկական կողմից դեռ մեկնաբանություններ չկան այս հայտարարության շուրջ: