Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․ Շահան Գանտահարյան

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց,որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցերը նախանշում են Լիբանանի քաղաքական ապամեկուսացումը:

«Օրակարգը թվում է, թե առաջնային կարգով նոր կառավարության կազմությունն է և դրան ընդառաջ վարչապետի թեկնածության շուրջ միջազգային համախոհություն գոյացնելը։ Փարիզը փորձում է նկատելի վերադարձ կատարել պատմականորեն մոտիկ անցյալին իր հոգատարության տակ հայտնված երկիր և փորձել ազդեցիկ դեր վերստանձնել՝ համակողմանի բանակցություններ վարելով լիբանանյան հանգուցալուծումների համար»,-նշեց Շահան Գանտահարյանը։

Նա նկատեց, որ ճիշտ այստեղ երևում է Փարիզ-Անկարա մրցակցությունը։ Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում Փարիզն ամրապնդում է իր ներկայությունն՝ ավելացնելով իր ծովուժը, այն համակարգելով Հունաստանի հետ։ Դա արդեն պարզ զորակցություն է Հունաստանին՝ թուրքական ագրեսիայի դեմ։ Ըստ Շահան Գանտահարյանի՝ Լիբանանում Թուրքիայի ազդեցության սահմանափակման գործողությունները կարող են ստանալ համաևրոպական տարողություն, իսկ այս գործում Փարիզն առաջատար դիրք է զբաղեցնում։

Տեսանյութեր

Լրահոս