Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Դատապարտյալը հացադուլի ընթացքի հետ կապված՝ բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ չի ներկայացրել:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից արձագանք չի ստացել:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: