«Իհարկե, 0 թվին մոտենալ… չեմ կարծում, որ մենք պետք է նման նպատակ դնենք մեր առաջ». Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակվածների թվերի մասին

Արտակարգ դրությունը երկարաձգելու համար այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում, մինչ նիստի օրակարգին անցնելը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ հաստատվել է վարակակիրների նոր 201 դեպք՝ կատարված 1710 հետազոտությունից:

«Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրը արձանագրված դեպքերը: Եվ այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք, որ ունենք ռեալ հնարավորություն այս թվերը իջեցնելու, մնում է ուժի մեջ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ նվազող թվից բխել է նաև հիվանդանոցային համակարգում բավական թեթև վիճակը՝ թե՛ սովորական, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով:

Թորոսյանի խոսքով՝ նվազել է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը, որը «դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակներում», բայց իջեցված միտումը, ըստ նախարարի, պահպանվում է՝ ավելի ցածր տեմպով:

 «Ամփոփելով կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, և մեր ջանքերը՝ մեր դրած կանոններին հետևելու իմաստով, երբ որ մենք սահմանեցինք կանոնները, իր արդյունքները տալիս են և հույս ունենք, որ տեմպը կշարունակվի: Իհարկե, 0 թվին մոտենալ․․․ ես չեմ կարծում, որ մենք պետք է նման նպատակ դնենք մեր առաջ: Հավանաբար, ինչ-որ թվի շրջանակներում պահելը՝ 50, 100-ի շրջանակները մեր համար նույնպես պետք է ընդունելի լինի այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնել էդ 0-ին նման կանոնները միայն պահելով, այսինքն՝ սովորել ապրելու իմաստով կորոնավիրուսի հետ»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս