Բաժիններ՝

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին

Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հայտնեց, որ իրենց տեսչությունը նման եզրակացության է եկել կոմբինատի տարածքում իրականացրած ուսումնասիրությունից հետո:

Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, որ արդեն 4 տարի շարունակ սնանկության գործընթացում գտնվող և չշահագործվող կոմբինատի տարածքում պահվում է շուրջ 90 տոննա ամոնիակ և ամոնիակաջուր, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակիչների համար:

«90 տոննա ամոնիակի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա: Ամեն դեպքում, այնտեղ առկա ամոնիակի ծավալները բավական քիչ են և շրջակա միջավայրին և բնակչությանը բացարձակ վտանգ չեն սպառնում: Իմ ունեցած տվյալներով` ամոնիակի մեծ մասը վաճառվել է, բայց ներկա պահին չորս տակառից 3-ը դատարկ են, իսկ մեկի մեջ ջերմային սարքով ամոնիակ է հայտնաբերվել տակառի 1/6-րդ մասով, սակայն իրականում ավելի քիչ է: Մոտ 9 տոննայի չափով ամոնիակ կա»,- ասաց Շախբազյանը:

Տեսչական մարմնի տնօրենը հայտնեց, որ ամոնիակը սելիտրա նյութի նման ազոտ է պարունակում, բայց ավելի անվտանգ է, պատկանում է իներտ գազերի դասին և շուտ գոլորշիանում է, իսկ կոմբինատում առկա ծավալներն այն քանակության չեն, որ խոշոր հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնան:

«Կարող է տեղային հրդեհի օջախ լինել, բայց այն շուտ կկասեցվի, որովհետև ծավալները շատ քիչ են»,- նշեց Գեղամ Շախբազյանը:

Անդրադառնալով կոմբինատի տարածքում առկա ամոնիակի հետագա ճակատագրին, Շախբազյանը հավելեց, որ այն տնօրինելու է սնանկության կառավարիչը, հնարավոր է, որ ամոնիակը վաճառվի կամ քիչ քանակությամբ բաց թողնվի հատուկ ընթացակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` հաստատվել է նաև կոմբինատում սնդիկի առկայությունը, սակայն դրանք ևս անվտանգ են:

«Սնդիկի քանակություն կա: Դրանք փակված են տարրաներում, ավելի ապահով են: Դրանց մասին մտահոգություն հայտնել ընդհանրապես պետք չէ»,- ասաց Շախբազյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգործող կոմբինատի տարածքում տեխնիկական և հրդեհային անվտանգության այլ խախտումներ է արձանագրել, որոնց առնչությամբ վարչական վարույթ է հարուցել:

«Քանի որ չորս տարի է արդեն, ինչ լուծարված է հիմնարկը, հրդեհային անվտանգության տեսակետից գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հրդեհային անվտանգության խախտումներ կան, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, վարույթի շրջանակներում կտրվեն պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի տնտեսավարողը, այս դեպքում` սնանկության կառավարիչը ցուցումների համաձայն իրականացնի հակահրդեհային միջոցառումներ: Մասնավորապես, ջրամատակարարում չկա, ցուցում կտանք, որպեսզի ջրամատակարարումը վերականգնեն, որպեսզի հրդեհային իրավիճակում հնարավոր լինի արագ մարել այն, բացակայում են արգելող ցուցանակները: Քանի որ ամոնիակը կառավարության կողմից սահմանված ցանկով վտանգավոր նյութ է համարվում, պետք է տարեկան տեխնիկական ավտանգության փորձաքննություն անցկացվեր, որը չի արվել»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը:

Տեսչական մարմինն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականցնի նաև Նաիրիտ գործարանում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, պայթուցիկ նյութերի մեծ բազաներում, ապա նաև հրավառությամբ զբաղվով ընկերությունների պահեստներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս