Բաժիններ՝

«Այնքան ենք ծեծելու բոլոր պատկան մարմինների դռները, մինչև լսելի լինենք». Նորամարգի դպրոցում բողոքի ակցիան ավարտվեց

Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցում այսօր՝ օգոստոսի 10-ին, բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրենի՝ Գոհար Սահակյանի հրաժարականը, նշելով, որ վերջինս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մերձավորներից է, և, որ մարզպետարանը դիտավորյալ տապալել է տնօրենի 2 ընտրությունները, որ վերջում իրենց ցանկալի թեկնածուին նշանակի տնօրեն:

Նորանշանակ տնօրենը դուրս եկավ դպրոցի բակ՝ ասելով, թե ինչ-որ տեղ է շտապում, սակայն ուսուցիչների և աշակերտների պահանջով 15 րոպե ժամանակ հատկացրեց, որպեսզի պարզաբանեն խնդիրը:

168.am-ի հարցին՝ արդյոք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ բարեկամական կապ ունե՞ք, տնօրենը հերքեց՝ ավելացնելով, որ իրեն էլ է հետաքրքիր, թե ովքեր են նման լուրեր տարածողները. «Մեր մեջ ընդհանրապես ոչ մի ազգակցական կապ չկա»:

Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների կողմից իրականացվող ճնշումների ներքո հրաժարական տալ, նորանշանակ տնօրենը բացասական պատասխան տվեց:

«Կարծում եմ, որ խնդիրն այստեղ ես չեմ, եթե իրենք բողոք ունեն կառավարության որոշման դեմ, թող բողոքեն, ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց Սահակյանը:

Իսկ հանձնում-ընդունման գործընթացի վերաբերյալ հարցին տնօրենը պատասխանեց, որ այն արդեն արվել է:

Չնայած նրան, որ տնօրենը ցանկություն հայտնեց՝ իր,  ուսուցիչների և աշակերտների ծնողների խոսակցությունը չլուսաբանվի, մյուս կողմը պնդեց, որ թաքցնելու ոչինչ չունեն, և, որ ցանկալի է՝ ամեն ինչ լրատվամիջոցի ներկայությամբ լինի:

Քննարկումն անցավ ոչ հանդարտ, առաջին հարցը, որն ուղղեցին տնօրենին՝ մարզպետի հետ մերձավոր լինելու լուրն էր. «Եթե մենք պարզենք, որ դուք մարզպետի հետ որևէ կապ ունեք՝ քավոր-սանիկ, բարեկամական կապ ունեք, ի՞նչ եք անելու այդ ժամանակ»:

Տնօրենը պատասխանեց, որ այդ դեպքում ներողություն կխնդրի բոլորից, ապա ավելացրեց, որ ճիշտ է՝ մինչ այդ փոխտնօրեն է աշխատել, բայց մարզպետն իր 2 տարի պաշտոնավարության ընթացքում ոչ մի անգամ չի այցելել իրենց դպրոց:

Այնուհետև քննարկումն ավելի թեժացավ, երբ ծնողներից մեկն ասաց, որ այդ պահին բազմաթիվ ծնողներ և աշակերտներ ուզում են գալ դպրոց, սակայն համայնքապետարանի աշխատակիցը, որը, ի դեպ, նույն ծնողի խոսքով՝ խորհրդի անդամ է, և, որ նա ևս չի ներկայացել դպրոցի տնօրենի ընտրությանը, որպեսզի այն տապալվի, մեքենայով կանգնել է դպրոց եկող ճանապարհին և խոչընդոտում է, որպեսզի մարդիկ չկարողանան գալ բողոքի ակցիային մասնակցել:

Տնօրենի խոսքով, եթե կառավարությունը որոշի, որ անօրինականություն է եղել, և ինքն իրավունք չունի զբաղեցնելու դպրոցի տնօրենի պաշտոնը, պատրաստ է հրաժարական տալ. «Քանի-որ որոշումը կա, ես ստանձնել եմ այդ պաշտոնը, ես պատրաստ եմ զբաղեցնել իմ տեղը»:

Տնօրենն ավելացրեց, որ քննարկման հրավիրելու նպատակն իրեն նվաստացնելն էր:

Քննարկման մասնակիցները տնօրենին ճանապարհեցին «հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր»  վանկարկումներով:

Աշակերտների ծնողները հայտարարեցին, որ իրենք շարուանկելու են իրենց պահանջը, եթե մինչև սեպտեմբեր տնօրենը չհեռանա, երեխաներին դպրոց չեն ուղարկելու, իսկ ուսուցչական կոլեկտիվը նշեց, որ գործադուլ են անելու.

«Այնքան ենք ծեծելու բոլոր պատկան մարմինների դռները, մինչև լսելի լինենք, և այս հարցին լուծում տան»:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին նշանակված 1-ին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Հուլիսի 23-ին  պետք է 2-րդ անգամ կայանար տնօրենի ընտրությունը, սակայն այդ անգամ էլ ընտրությանը չէին ներկայացել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչ։

Նշենք, որ տնօրենի ընտրությունը կատարվում է 8 հոգանոց խորհրդի կողմից, որից 3-ը ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն են, 2-ը՝ մարզպետարանի, 1-ը՝ համայնքի, 2-ը՝ դպրոցական խորհրդի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս