Ռուսաստանցի փրկարարներն ութ զոհվածի մարմին են գտել Բեյրութում
Ռուսաստանցի փրկարարները որոնողական գործողության ժամանակ ութ զոհվածի մարմին են հայտնաբերել եւ դուրս հանել փլվածքների տակից: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում: «Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 268 հոգու, այդ թվում՝ 29 երեխայի: Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայի աշխատակիցների կողմից անցկացվել է COVID-ի 248 թեստ, իսկ Ռուսաստանի ԱԻՆ-ի հոգեբանները օգնություն են ցուցաբերել 33 մարդու»,-հայտարարել են ԱԻՆ-ում: Այնտեղ նշել են, որ արտակարգ իրավիճակների գոտում աշխատելու ժամանակ փրկարարների եւ կինոլոգիական ծառայությունների կողմից հետազոտվել է 300 քառակուսի մետր տարածք, այդ թվում՝ 6800 քառակուսի մետրը՝ անօդաչուների օգնությամբ:
«Ռուսաստանցի փրկարարները շարունակում են հումանիտար գործողությունը գործնական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ պայթյունի հետեւանքների վերացնելու համար»,-հավելել են գերատեսչությունում: ՌԴ-ի ԱԻՆ-ը Բեյրութում փրկարարական գործողությանը ձեռնամուխ է եղել օգոստոսի 6-ից: Ավերիչ պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է առնվազն 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել են:
Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունի հարվածն զգացել են նույնիսկ Կիպրոսում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: