Քարամովը դատապարտվել է ազատազրկման` 5 տարի ժամկետով

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար քաղաքացի Ա. Քարամովին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ա. Քարամովը առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փախստականների բնակարանային խնդիրներով զբաղվող պետական որևէ հաստատությունում չաշխատելով, սակայն ներկայանալով որպես տվյալ ոլորտում գործնական կապեր ունեցող նախկին աշխատակից, թվով 4 անձանց հավաստիացրել է, թե ինքը կարող է նրանց օգնել` բնակարան ստանալու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Պետական բնակարանային ֆոնդից Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու գործընթացը կազմակերպելու պատրվակով Ա. Քարամովը մեկ փախստականից, ինչպես նաև ՀՀ երեք քաղաքացիներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար` այն ծախսելով անձնական կարիքների համար:

Դատարանում Ա. Քարամովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա. Քարամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս