Պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը շրջել է Բեյրութի փողոցներով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ: Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն»:
«Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը՝ խոստանալով ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան:
Նրան շրջապատող բազմությունը շարունակ վանկարկել է. «Հեղափոխություն, ժողովուրդն ուզում է ռեժիմի տապալում»:
Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է, ու այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա:
«Հուսով ենք, որ օգնությունը կհասնի լիբանանցի ժողովրդին և ոչ թե կոռումպացված առաջնորդներին»,- ի պատասխան՝ նշել է լիբանանցիներից մեկը:
«Երաշխավորում եմ դա. օգնությունը չի հայտնվի կոռումպացված ձեռքերում: Ես կխոսեմ քաղաքական ղեկավարության հետ, ես այստեղ եմ, որ նրանց նոր քաղաքական պայմանագիր առաջարկեմ»,- ասել է Մակրոնը: