Նույն բանն է. մենք հիմա կարճ ասում ենք՝ մամուլի խոսնակ

«Դուք կարող եք ճշտել գործի անունը, կարող է մամուլի խոսնակ չի՞ եղել: Իրենից հարցրեք. ինքը ավելի հստակ կասի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանն «առաջին իշխանության մաս է կազմել, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը»:

Հիշեցնենք, որ ի պատասխան Ա. Մանուկյանի վերոնշյալ հայտարարության, Ռ. Հակոբյանը հակադարձել էր` ասելով. «Ցավում եմ, որ կան մարդիկ, ում մի քանի անգամ պետք է կրկնես, որ հասկանան: Չնայած հիմա էլ համոզված չեմ, որ կհասկանան, բայց կրկնեմ` ես երբեք չեմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը, ես եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր և, միևնույն ժամանակ, Գերագույն խորհրդի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ` հասարակական հիմունքներով: Ինձ մոտ գալիս էին մամուլի ասուլիսների Վազգեն Առաջինը, Սոս Սարգսյանը, ուժային կառույցների ղեկավարները և գրեթե բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում ասելիք ունեին: Եվ շատ բնական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առավել հաճախ էր մասնակցում մամուլի ասուլիսների, որովհետև այդ վարչությունը ստեղծված էր ԳԽ շրջանակներում: Անկախությունից հետո առաջինը Հայաստանում մամուլի ծառայություն ես եմ ստեղծել և ղեկավարել»:

168.am-ի հարցին՝ արդյոք Ռ. Հակոբյանի վերոնշյալ հերքումից հետո դարձյալ շարունակո՞ւմ եք պնդել, որ նա եղել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Այսինքն՝ մամուլի պատասխանատու, Հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Նույն բանն է, էլի: Մենք հիմա կարճ ասում ենք` մամուլի խոսնակ: Ֆունկցիոնալ, պատասխանատվության առումներով նույնն է, թե ինչպե՞ս է պաշտոնապես կոչվում՝ ինքը (Ռուբեն Հակոբյանը.- Տ.Մ.) ավելի ճշգրիտ է ասել»:

Ռուբեն Հակոբյանը նաև ասել էր. «Ես իսկապես չէի ամաչի, եթե եղած լինեի Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ամաչելու բան չկա, բայց իրենք, դա հորինելով, հավանաբար, ենթադրում են, թե ամոթ է, որ մեկն ու մեկը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Դա էլ իրենց խնդիրն է»:

Հարցին էլ` արդյո՞ք «ենթադրում եք, թե ամոթ է, որ մեկնումեկը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին», Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ես էլ բան չունեմ ասելու: Ես ասել եմ, Ռուբեն Հակոբյանն է ճշգրտում մտցրել»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս