Սինգապուրում հետևելու են զբոսաշրջիկների տեղաշարժմանը. Travel and Leisure
Օգոստոսի 11-ից այն բոլոր զբոսաշրջիկները, որոնք կժամանեն Սինգապուր, պարտավոր կլինեն իրենց հետ վերցնել հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս նրանց գտնվելու վայրը: Այդ մասին հաղորդել է Travel and Leisure-ը:
Երկրի առողջապահության նախարարությունը նշել է, որ այդ սարքերում կա միայն Bluetooth եւ GPS՝ երկրատեղորոշման համար, իսկ աուդիո եւ վիդեո նրանք չեն գրանցելու: Այդ գաջեթները պարտավոր կլինեն կրել 12-ից բարձր տարիքի բոլոր ճանապարհորդները: Դրանք բաժանելու են օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելուց հետո: Սարքը հարկավոր է ակտիվացնել այն վայր ժամանելուց հետո, որտեղ զբոսաշրջիկը անցկացնելու է կարանտինը:
Եթե եկվորը որոշի խախտել ինքնամեկուսացումը, կառավարությունն այդ մասին կիմանա: Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչպիսի տեսք են ունենալու սարքերը: Դրանք կարող են լինել թեւնոցներ, որոնք նման են այն սարքերին, որոնք արդեն օգտագործվում են Հոնկոնգում եւ Հարավային Կորեայում:
Իշխանությունները հայտարարել են, որ չեն պահպանելու զբոսաշրջիկների անձնական տեղեկատվությունը, իսկ նրանց տվյալները մանրամասնորեն ծածկագրվելու են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: