ԱՄՆ-ը ցանկանում է փոխե՞լ Արցախյան կարգավորման գործընթացի ձևաչափը

Տավուշյան սրացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահներն ակտիվ մեկնաբանում են հայ-ադրբեջանական սահմանին բռնկված լարվածության պատճառներն ու կարգավորման գործընթացի ապագան։

Օրերս ուշագրավ մեկնաբանություններ էր արել ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ կասկածի տակ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը, նշելով, որ գործընթացը պետք է տեղափոխվի ՄԱԿ-ի հարթակ, և Արցախը դառնա ՄԱԿ-ի պրոտեկտորատ ժամանակավորապես։ Հոգլանդի այս տեսակետը մեծ հետաքրքրություն և աժիոտաժ բարձրացրեց մամուլում, կարծիքներ շրջանառվեցին, որ նա արտահայտում է ԱՄՆ-ում առկա տրամադրություններն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ապագայի և կարգավորման հարթակի վերաբերյալ։

Սակայն հարկ է նշել, որ այս օրերին իրենց դիրքորոշումներն են ներկայացրել նաև նախկին համանախագահներ Ջեյմս Ուորլիքն ու Քերի Քավանոն։

Օրինակ՝ Ջեյմս Ուորլիքը, ով վերջին շրջանի ամենաակտիվ ամերիկացի համանախագահներից մեկն է եղել և, նրա իսկ խոսքով, պետքարտուղար Քերիի հետ ակտիվորեն համագործակցել է այս խնդրով, ներկայումս գտնում է, որ խնդիրը ձևաչափը չէ, այլ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն քաղաքական կամք՝ կարգավորելու հակամարտությունը։ Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ կարևոր է, որպեսզի համանախագահ երկրները շարունակեն ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը։ Կարծում եմ, որ մեր առջև ծառացած խնդիրն այն է, որ հակամարտությունը մոռացվում է, և ականատես ենք դառնում ուժի կիրառման մակարդակի աճին։ Նրա որակմամբ՝ դա վտանգավոր է, ուստի կարևոր է պահպանել միջազգային ներգրավվածությունը։ «Հուսով եմ, որ բոլոր երկրները, մասնավորապես՝ համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, հասկանում են, թե որքան կարևոր է 100 տոկոսանոց կարգավորումը»,- նշել է Ուորլիքը։

Հարցազրույց է տվել նաև նախկին համանախագահ Քերի Քավանոն, ով անհանգստություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ ունեցած կասկածների վերաբերյալ։

Ըստ Քավանոյի՝ կողմերից որևէ մեկը շահագրգռված չէ պատերազմում, և տավուշյան սրացումը պատահական բռնկում էր։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունից՝ Քավանոն նշել է, որ Մինսկի խմբի դերը ոչ միշտ է ճիշտ ընկալվում արտաքին աշխարհում։

Նրա խոսքով՝ իրավիճակը կախված է նրանից, թե ինչ են ասում հակամարտող մայրաքաղաքներում առաջնորդները, ինչպես են համոզում իրենց հասարակություններին, քանի որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պատրաստ են եղել միշտ աշխատել և մշտապես կաջակցեն կողմերին, եթե լինի այդ կամքը։

Ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը 168am-ի հետ զրույցում ասաց, որ ամերիկացի դիվանագետները բավականին ճկուն ոճ ունեն, որը դիվանագիտական այդ դպրոցի բնորոշ գիծն է։ Նրա գնահատմամբ՝ դրական է, որ նախկինում համանախագահ աշխատած դիվանագետներն այսօր կարծիք են հայտնում և կիսվում իրենց մտորումներով, որը չի կարող օգտակար չլինել։

«Սակայն պնդել, որ նրանք արտահայտում են տրամադրություններ կամ, առավել ևս, Պետդեպարտամենտում առկա տրամադրություններ, չենք կարող։ Ինչպես տեսնում ենք, տարբեր դիվանագետներ տարբեր դիրքորոշումներ ունեն կարգավորման գործընթացի վերաբերյալ, սակայն մեծամասնությունը կողմ է ներկայումս առկա ձևաչափի պահպանմանը, քանի որ հասկանում են, որ խնդիրը կողմերի դիրքորոշումներն են, և՝ ոչ միջնորդները։ ՌԴ-ԱՄՆ առճակատման ամենաթեժ փուլերում նույնիսկ այս ձևաչափի շրջանակում դիվանագետներն օրինակելիորեն աշխատել են, անընդհատ ծավալել գործունեություն և կապ միմյանց հետ։ Ուստի ասել, որ խնդիրը ձևաչափն է, տեղին չէ, հատկապես, երբ անհրաժեշտության դեպքում համանախագահ երկրները հանդես են գալիս շատ ավելի բարձր մակարդակով՝ կազմակերպելով տարբեր հանդիպումներ ու նախաձեռնություններ։ Ուստի չեմ տեսնում, որ ամերիկյան ներգրավվածությունն ու առաջնահերթություններն այստեղ էապես փոխվելու են։ Ավելին՝ վերջին տարիներին հետաքրքրությունն ավելի նվազել է, քան հակառակը․ ուստի այսօր թե հակամարտող երկրներում, թե համանախագահող երկրներում կողմ են այս ձևաչափի պահպանմանը, քանի որ կան կոնկրետ դիվանագետներ, կոնկրետ աշխատակարգ, որով առաջ են տանում այս գործընթացը, դժվարությամբ, բայց այն միակն է այսօր։

Այս օրերին տեսնում եք, որ միջնորդներն աշխատում են, Ռուսաստանը ևս աշխատում է իր լծակներով, բռնկումը վերանում է, բայց լարվածությունը կողմերի միջև՝ ոչ, ռազմատենչ հռետորաբանությունը շատ է, հասարակություններում կան հստակ տրամադրություններ, սա բարդացնում է էապես այս միջնորդների աշխատանքը, նրանք ոչինչ չեն կարող պարտադրել, նրանք միայն ուղղորդում են և կողմերին կազմակերպում, պատրաստում խոսակցության։ Արցախյան հակամարտության պատմության ընթացքում որքան նախաձեռնություններ են արել ՌԴ-ն, ԱՄՆ-ը՝ կարգավորելու համար հակամարտությունը, այսինքն՝ նախաձեռնողականության պակաս ևս չի եղել, բայց չի հաջողվել հասնել արդյունքի, քանի որ հակամարտությունը բարդ է, արմատները խորն են, և այն մոտ ապագայում չի կարգավորվելու»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Իր հերթին՝ Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ միջնորդներին և ձևաչափը քննադատելը միամտություն է։ Ըստ նրա՝ նման հակամարտությունների ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետները լավատեղյակ են, որ դրանք մի քանի տարում չեն կարգավորվում և սովորաբար երկարաձգվում են՝ մինչև անգամ տասնամյակներով։

«Այս հակամարտությունն այդ դեպքն է։ Այս տարիների ընթացքում շատ կարծիքներ են հնչում, ամեն մասնագետ իր կարծիքն ունի, և դա բնական է, սակայն խնդիրը ձևաչափը չէ, այլ հակամարտող երկրներում առկա հասարակաքաղաքական տրամադրությունները, հակամարտությունը կարգավորելու պատրաստակամությունը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։ Չկա այդ ամենը, հակամարտությունը չի կարգավորվում։ Երբեմն մենք նաև քննադատում ենք միջնորդներին, որոնք այդքան էլ ակտիվ չեն, կամ հայտարարությունները բավարար սրություն չունեն, լղոզված են, բայց սա է միջնորդական աշխատանքի բնույթը, և ցանկացած այլ ձևաչափ աշխատելու է այս սկզբունքով, հավասարակշռող դեր ստանձնելով։ Ընդհակառակը՝ այս ձևաչափը պետք է պահպանել, սակայն ակնկալել ավելի ակտիվ աշխատանք, և իսկապես հակամարտության գոտում տիրող իրավիճակը չպետք է անուշադրության մատնել, քանի որ այդ պարագայում իրավիճակը սրվում է, և առաջանում են բախումներ»,- ասաց նա։

Վերջինս ևս չի գտնում, որ ԱՄՆ-ը կցանկանա փոխել հակամարտության կարգավորման ձևաչափը։ «Նման միտումներ վերջերս ամերիկյան քաղաքականությունը չի դրսևորում, և մեկ կարծիքից ենթադրություններ կարիք չկա անել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս