Բաժիններ՝

Սրտաբանների պնդմամբ բժշկական սխալ թույլ չի տրվել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մալաթիայի 1-ին և Նորք-Մարաշ 3-րդ հիվանդանոցի բժիշկները ներկայացրլ են «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի հոր մահվան գործի վերաբերյալ իրենց տեսակետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին «Չենք լռելու»-ն տարածել է մի տեսանյութ, որտեղ հեռուստալրագրող Մանվել Քեշիշյանը պատմում է «Քանկոր» սրտանոթային կենտրոնում իր հոր հետ պատահած դեպքի մասին. Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ի ցերեկը: Շտապօգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե: Այնուհետև մայրաքաղաքից հրավիրվում է ռեանիմոբիլ, որի բժիշկը վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ 0 տոկոս: Մինչդեռ «Քանկոր» սրտանոթային կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանն ասում է, որ պատրաստ են ընդունել հիվանդին: Դրանից հետո նրան վիրահատում են, սակայն մի քանի ժամ անց Մ.Քեշիշյանի հայրը մահանում է: Հարազատները մեղադրում են բժշկին, այն հիմնավորմամբ, որ բազմանոթ ստենդավորումը սխալ էր, գումար աշխատելու համար են արել: Երեք ստենդի դիմաց հիվանդի հարազատները վճարել են 3մլն.746 հազար դրամ:

Դեպքից հետո «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանը հաղորդագրություն է տարածել, որով մեղադրում է «Քանկոր» սրտանոթային ընկերությանը իր հոր մահվան համար և պահանջում զրկել կազմակերպությանն արտոնագրից:

Ըստ «Փաստինֆոյի»` այսօր հրավիրած ասուլիսում Մալաթիայի 1-ին և Նորք-Մարաշ 3-րդ հիվանդանոցի բժիշկները պնդում էին, որ «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը մեղավոր չէ: «Ես կարծում եմ` եթե հետազոտեն դեպքը, բոլորի կարծիքը կլինի նույնը` բժշկական սխալ թույլ չի տրվել: Կարապետ Քեշիշյանի մահվան պատճառը եղել է ոչ թե բժշկական սխալը, այլ սուր ինֆարկտից հետո առաջացած բարդությունը»,- նշեց «Մալաթիա» բժշկական կլինիկայի սրտաբան Նարինե Գոջաբաշյանը: Սրտաբանի խոսքով` հիվանդի մահվան պատճառը եղել է ոչ թե կրկնակի անգամ ստենդավորումը, այլ մի անոթ, որը բերել է սպազմի:

Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբան Միքայել Ադամյանի խոսքով` իրենք գործընկերներով հետազոտել են այս դեպքը, ունեն իրենց կարծիքը: «Ես նշեմ իմ կարծիքը. Ըստ հիվանդի վիճակի` երևի բոլորս էլ կանեինք այն, ինչ արվել է: Սրտամկանի ինֆարկտ տարած սիրտը լի է անակնկալներով: Այնպիսի բարդություններ կարող են լինել, որոնց դեպքում բժշկությունն անզոր է: Տվյալ դեպքում առավելագույնն է իրականացվել: Ինչ հնարավոր է եղել` արվել է»,- նշեց բժիշկ Մ. Ադամյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե բժշկական միջամտությունը ճիշտ էր, թե ոչ` բժիշկ Մ. Ադամյանը նշեց. «Բժշկության մեջ գոյություն ունեն ցուցումներ: Տվյալ հիվանդի դեպքում միջամտություն իրականացնելու ցուցումներ եղել են»:

Թեև բանախոսները նշել են, որ իրենք արտահայտում են իրենց անձնական կարծիքը, բայց սպասում են նաև առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին:

Բժիշկների խոսքով` վիրահատությունները տեսագրվում են, մի օրինակը տրվում է հիվանդին, մյուսը պահվում է արխիվում: Նրանց խոսքով` այս պարագայում հանձնաժողովի աշխատանքն ավելի դյուրին կդառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս