Եթե Վարդան Ղուկասյանը չի աշխատում՝ ես չեմ աշխատելու
168.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ այսօր Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատակազմը հրաժարականի դիմում է ներկայացնելու, Վ. Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը պատասխանեց. «Աշխատակազմը՝ չեմ կարող ասել, բայց կոնկրետ ես ազատման դիմում եմ ներկայացրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այդքանն իմ մասով կարող եմ ասել»:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ազատման դիմում ներկայացրել, Լ. Աղեկյանը պատասխանեց. «Որովհետև քաղաքապետը, դուք գիտեք, որ հրաժարական է տալիս, մենք էլ թիմով եկել ենք, ես էլ Վարդան Ղուկասյանի թիմակիցն եմ. եթե ինքը չի աշխատում՝ ես չեմ աշխատելու»:
Լ. Աղեկյանը նաև ասաց, որ մինչ այս պահը, այսինքն` մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում, Վ. Ղուկասյանը դեռևս չի ներկայացրել իր հրաժարականի դիմումը: «Այս պահին դիմում չի ներկայացրել, բայց, ամենայն հավանականությամբ, մի քանի ժամից հրաժարականի դիմումը կտա: Կոնկրետ այսօր չեմ կարող ասել, ես ասացի` մի քանի ժամից: Իսկ թե այդ մի քանի ժամը 18 ժամ է, 5 ժամ` դուք կիմանաք, մի շտապեք»,- նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է Քաղաքի օրվա տոնի առթիվ ՀՀԿ վերնախավին ուղարկված հրավերներին, որոնք այդպես էլ արձագանք չէին ունեցել, Լ. Աղեկյանը նշեց. «Այդ հարցերը, խնդրում եմ, ուղղեք այն մարդկանց, ովքեր ստացել են հրավիրատոմսերը և չեն եկել: Ես իրենց փոխարեն ո՞նց կարող եմ պատասխանել»:
Իսկ հարցին, թե՝ ՀՀԿ վերնախավի ո՞ր ներկայացուցիչներին էին իրենք հրավերներն ուղարկել, Լ. Աղեկյանը պատասխանեց, թե հրավիրատոմսերի հարցով ինքը չի զբաղվել: Նա հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցին, թե, ըստ նրա, ո՞րն էր Վ. Ղուկասյանի բացթողումը, որ ՀՀԿ-ն նախապատվություն տվեց ԲՀԿ-ի թեկնածուին: Լ. Աղեկյանն ասաց. «Որևէ քաղաքական հարցի չեմ պատասխանի, և, եթե դուք ցանկանում եք, որ ես Վարդան Ղուկասյանի մասին առանձին ներկայացնեմ իմ տեսակետը, շփումները, աշխատանքային առնչությունները, ապա պատրաստ եմ խոսել, բայց՝ ոչ հեռախոսային հարցազրույցով»: