«Ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի Կառավարությանն ու տեղի հայ համայնքին». ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց սփոփանքի խոսքեր հղելով Լիբանանի Հանրապետությանը՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Վարչապետը ՀՀ կառավարության անունից ցավակցություններ հայտնեց ողբերգության հետևանքով մահացածների ընտանիքներին և շուտափույտ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։
«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը։ Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային էպիկենտրոնը, որն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը, որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն»,- իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ, հետևաբար՝ Հայաստանն իր օգնությունը ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։
«Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ ՀՀ կառավարությունը Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում