Բաժիններ՝

«Համաճարակի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, ՀՀ-ում շարունակում է բարելավվել». ՀՀ վարչապետ

«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, ՀՀ-ում շարունակում է բարելավվել»,- պարետատան հերթական նիստից հետո ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օգոստոսի 4-ին՝ հունիսի 4-ից հետո առաջին անգամ, բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից:

Վարչապետը նկատեց, որ բոլոր ցուցանիշներով մոտեցել ենք մայիսի վերջին և հունիսի առաջին շաբաթներին արձանագրված թվերի մակարդակին.

«Բայց խնդիրն այն է, որ այս բարենապաստ զարգացումները իրենց հետ բերել են վատ լուրեր, իսկ վատ լուրն այն է, որ նունիսկ անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ քաղաքացիները թվերի այս անկումը, վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել՝ որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ: Նույնիսկ շատերին թվում է, թե իրավիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված, հաղթահարված է այլևս. դա ամենևին այդպես չէ: Նախորդ օրը մենք ունեցել ենք 288 նոր դեպք, իհարկե, սա՝ համեմատած հուլիսի թվերի հետ, անհամեմատ քիչ է, բայց սա դեռևս հսկայական թիվ է, և կարող ենք այս առումով ասել, որ համաճարակային իրավիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ: Եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ՝ այն առումով, որ մենք առավել մեծ ջանքեր գործադրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու ուղղությամբ, մենք կարող ենք իրավիճակը նորից հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակը, որը, ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր և գագաթնակետը: Կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք այն նույն վտանգներին հանդիման, ինչի առջև գտնվում էինք մայիսի կեսերին, երբ ակնկալում էինք, որ համաճարակի դեմ ապակենտրոն պայքար կսկսվի, բայց, ցավոք, այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չստացվեց: Ես ուզում եմ արձանագրել, որ համաճարակի դեմ պայքարը կառավարության և հանրության համագործակցության պարագայում կարող է լինել առավելագույնս արդյունավետ»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ հակահամաճարակային պայքարում  անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. «Մենք պետք է խստորեն հետևենք այս կանոնների պահպանմանը, իհարկե, բացի կոչերից, նաև վարչական մեթոդներ են կիրառվելու, և ոստիկանությունը շարունակելու է հետևել, որպեսզի քաղաքացիները պատշաճ ձևով պահպանեն այս կանոնները, որովհետև սիրելի հայրենակիցներ, իրապես, մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս վիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս