«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի օրերին հայ մայրերը կոչերով դիմեին այն մարդկանց, ովքեր սպանում էին մեզ». Նաիրա Կարապետյան

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի անդամ  երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ նմանատիպ քայլերը թեև ողջունելի են, բայց ուշացած են. «2 տարի է՝ Թուրքիան բացահայտ կերպով ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը Հայաստանի և արցախյան հիմնախնդրի նկատմամբ: Վերջերս Թուրքիայի հայտարարությունները բոլոր տրամաբանական և թույլատրելի սահմանները հատել էին՝ խոսքը հենց ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտնի հաղորդագրության մասին է, որ՝ եղբայրական Ադրբեջանի համար պատրաստ ենք զոհաբերել անգամ մեր կյանքը: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը զսպող, սթափեցնող կոչ է՝ ուղղված ԵԱՀԿ անդամ երկրներին, որ, այնուամենայնիվ, Թուրքիան կողմնակալ կողմ է, և գոնե այս ձևաչափում եթե ոչ՝ կասեցնել նրա անդամությունը, ապա՝ զսպել է պետք»:

Նա հիասթափված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից. «Անհասցեականությունը թևաթափ է անում, որովհետև ինչպես տեսանք՝ վերջին արտահայտությունները որևէ կերպ տեղ չեն գտել որևէ միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ. խոսքը կոնկրետ Ժնևի հռչակագրի խախտման մասին է, այն է՝ Ադրբեջանին տեռորիստական պետություն հռչակելը: Չէ՞ որ, եթե մի պետություն սպառնում է այլ երկրի խաղաղ բնակչությանը (Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին է խոսքը), ապա գոնե արձագանք, գոնե հայտարարություն, էլ չեմ ասում՝ կոնկրետ քայլեր և պատժամիջոցներ այդ պետության հանդեպ պետք է արվեն: Այն, ինչ տեսանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, երկու վտանգ ուներ իր մեջ՝ Ադրբեջանին հասցեական զսպվածության կոչ չանելն էր և Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցություններին շուտափույթ անցնելը: Ստեղծված իրավիճակում ՄԽ համանախագահները պետք է մի քիչ ավելի զսպված արտահայտություններ անեն»:

Նախկին պատգամավորի խոսքով՝ հայկական դիվանագիտությունը թերացել է, քանի որ նախ՝ բարեհաջող կերպով թաղել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը. «Նմանատիպ արտահայտությունը դիվանագիտական նվեր էր, նման նվերներից չի կարելի չօգտվել: Այդպիսի արտահայտություն անող պետությունը կամ տոտալ ինքնավստահություն ունի, որ ինքը չի պատժվելու, կամ պարզապես գնում է վա-բանկ»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերին՝ Նաիրա Կարապետյանը հետևյալն ասաց.

«Դիմել Ադրբեջանին խաղաղարար կոչերով այն ժամանակ, երբ նույն Ադրբեջանը սպանում է հայ ժողովրդի զավակներին, հարվածում է խաղաղ գյուղերին, սա անլրջություն է, սա պարզապես փորձ է՝ ցույց տալու, որ մենք այդքան չենք կարևորում այն, ինչ հիմա տեղի է ունենում, և շարունակում ենք խաղաղ ակցիան: Ներողություն, խաղաղ ակցիան կարելի է անել համեմատաբար խաղաղ ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի օրերին հայ մայրերը կոչերով դիմեին այն մարդկանց, ովքեր սպանում էին մեզ: Սա նոնսենս է: Այն դեպքում, երբ Մեհրիբան Ալիևան դիմում է կոչով և քաջալերում վայրագություններ կատարող այն ադրբեջանցիներին, ովքեր արդեն օտար երկրներում են հարձակվում հայերի վրա, և գազանություններ են տեղի ունենում, հասունանում է մի ալիք, որի մեջքին կանգնած է Մեհրիբան Ալիևան, այստեղ սեփական PR-ի ժամանակը չէ: Պետք չէ ցույց տալ, որ՝ տեսեք՝ Մեհրիբանը ռազմատենչ է, իսկ ես՝ խաղաղարար: Պետք է անել կոնկրետ գործողություններ, ցույց տալ, որ մենք ամուր պետություն ենք, որ ունենք մարտունակ բանակ, անվախ բնակիչներ, փառք և պատիվ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այդ անվախ մարդկանց, ովքեր չլքեցին իրենց տները, չգնացին ոչ մի տեղ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս