Վարույթ իրականացնող մարմինը հակասում է ինքն իրեն. Փաստաբանները դեմ են, որ Արա Մխիթարյանի գործը երկու մասով ուղարկվի դատարան
Երեկ հայտնի դարձավ, որ 2019-ի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրներին՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է ընդհանուր քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զավեն Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվում է: Տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք համաձայն չեն գործն այս տեսքով դատարան ուղարկելուն:
«Մենք գտնում ենք, որ պետք է միասին ուղարկվեր, և բողոքարկել ենք Դատախազություն այդ որոշումը, մերժվել է մեր բողոքը: Քննչական մարմինն ու Դատախազությունը գտել են, որ ապացույցները դեռևս բավարար չեն Զավեն Գրիգորյանի մասը դատարան ուղարկելու համար, սակայն իրենք հակասել են իրենց իսկ դիրքորոշմանն այն առումով, որ մի որոշմամբ Զավեն Գրիգորյանին ներգրավում են՝ որպես մեղադրյալ, ընդգրկում են Հարություն Գրիգորյանի մեղադրանքի ծավալի մեջ՝ որպես Արա Մխիթարյանին խմբով մարմնական վնաս պատճառող, իսկ մեկ այլ որոշմամբ գրում են, թե ապացույցները բավարար չեն»,- ասաց Ամիրխանյանը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վիճաբանություն է տեղի ունեցել Արա Մխիթարյանի և Հարություն Գրիգորյանի միջև, վերջինները սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել: Հարություն Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը, որոնք էլ եկել են դեպքի վայր: Հարություն Գրիգորյանը մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Արա Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինը վայր է ընկել, որից հետո Զավեն Գրիգորյանն ու գործով չպարզված անձինք Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս են պատճառել, հարվածել են գլխին: Մեր հարցին՝ եթե նման ապացույցներ են ձեռք բերվել գործով, ապա իմաստ կա՞, որ այն բաժանվի, Ամիրխանյանը պատասխանեց.
«Մենք իմաստը չենք տեսնում, եթե ապացույցները բավարար են, որ մեղադրանք առաջադրվի, ընդգրկվի մյուսի մեղադրանքի ծավալի մեջ, ուրեմն նաև բավարար են դատարան ուղարկելու համար: Հետագա քայլերը կքննարկենք տուժողների հետ»:
Գործն այս տեսքով դատարան ուղարկելուն դեմ է նաև Հարություն և Զավեն Գրիգորյանների փաստաբան Լևոն Սահակյանը: Նա ևս պնդում է, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումները մեկը մյուսին հակասում են:
«Բացարձակ համաձայն չենք նման որոշման հետ: Վարույթ իրականացնող մարմնի որոշումն անտրամաբանական է, հակասում է ինքն իրեն: Որոշման մեջ և՛ նշված է, որ Զավեն Գրիգորյանի մասով դեռևս նախաքննություն պետք է իրականացվի, և՛ նրա մեղքը դեռևս, այսպես ասած, հաստատված չէ, մյուս կողմից էլ՝ Հարություն Գրիգորյանի մասով գործն ուղարկում են դատարան և նշում են, որ Զավենի հետ համատեղ հարվածել է Մխիթարյանին»,- ասաց Սահակյանը:
Գրիգորյանների փաստաբանը նշեց, որ իրենց արդեն հասանելի է գործն ամբողջությամբ, և հիմա իրենց ձեռքի տակ ավելի շատ ապացույցներ կան, որ Զավեն Գրիգորյանը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, իսկ նա դարձել է կազմակերպված սուտ մատնության զոհ:
«Զավեշտը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինն ընդունում է, որ Զավեն Գրիգորյանի մեղքը հաստատված չէ, լրացուցիչ գործողություններ կան կատարելու, իր բազմաթիվ որոշումներում անդրադառնում է այն հանգամանքին, որ տուժողները տվել են հակասական ցուցմունքներ, նրանց ցուցմունքներն արժանահավատ չեն, տեսաձայնագրությունների զննման արձանագրությամբ աներկբա հաստատվում է, որ Զավեն Գրիգորյանը դեպքի պահին, դեպքի վայրում չի եղել, ու այդքանով հանդերձ՝ մեր իրավապահ մարմիններն ուղղակիորեն վախենում են դադարեցնել Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցել»,- ասաց Սահակյանը:
Փաստաբանը վստահ է, որ սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ դեռ հարուցվելու է:
«Բայց իրավապահ մարմինների նման վարքագիծը հանգեցնելու է նրան, որ վաղը սուտ մատնություն կատարած մարդիկ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու փորձեր կատարեն: Իրավապահ մարմինների նման հանդուրժողական վարքագիծը հիմք է տալիս խորհելու, որ միգուցե նրանք արժանի են, որ իրենց ստեն ու ամիսներ շարունակ մատների վրա պտտացնելով՝ կարողանան ակնհայտ անմեղ անձին զրկել ազատությունից»,- եզրափակեց Սահակյանը:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Զավեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։