ԱՄՆ գործազրկության մակարդակը 8.1-ից հասել է 7.8 տոկոսի
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2012 թվականի սեպտեմբերին նվազել է մինչև 7.8 տոկոս: Այդ մասին ասվում է ԱՄՆ աշխատանքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Գործազրկության մակարդակը 8 տոկոսից ցածր չէր եղել 2009 թվականից սկսած:
Նախարարությունը նշել է, որ կտրուկ աճել է հատկապես 20-24 տարեկանների զբաղվածությունը: Միաժամանակ գործից ազատվածների թվաքանակն է նվազել:
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, սեպտեմբերին նոր ստեղծված աշխատատեղերի քանակը կազմել է 114 հազար: Աշխատանքի նախարարությունում վերանայել են գործազրկության մակարդակի նախկին կանխատեսումը:
2009 թվականին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարումից սկսած, գործազուրկների թվաքանակն արագ ավելացավ և 43 ամիսների ընթացքում պահպանվում էր բարձր մակարդակի վրա։ Օբամայի վարկանիշի անկման ամենակարևոր պատճառներից մեկը հենց դա է համարվում։