 
                        Հոկտեմբերի 8-ից կմեկնարկի ԱԺ երկու թափուր մանդատների հավակնորդների առաջադրումը
 
                                    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու, քաղաքագետ Թևան Պողոսյանին տալու վերաբերյալ:
Որոշման հիմքը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի հոկտեմբերի 2-ի արձանագրությունն է: Ըստ այդմ, «Ժառանգություն» խմբակցության կազմը համալրված է:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ներկայումս թափուր են ԱԺ մեծամասնական ընտրակարգով` Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքների պատգամավորների մանդատները: Այս ընտրատարածքներում ԱԺ լրացուցիչ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 2-ին: Թեկնածուների առաջադրումը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին:
Այս պահին ԱԺ-ի 129 պատգամավորներից 68-ն ընդգրկված են «Հանրապետական» (ՀՀԿ), 36-ը` «Բարգավաճ Հայաստան», 7-ը` «Հայ ազգային կոնգրես», 6-ը` «Օրինաց երկիր», 5-ական` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների կազմերում: Անկախ, այսինքն` խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն երկուսն են. անկուսակցականներ Արայիկ Գրիգորյան (թիվ 18 ընտրատարածք) և Էդմոն Մարուքյան (թիվ 30 ընտրատարածք):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        