Գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն անհանգստություն է հայտնել

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 2012թ հոկտեմբերի 2-ին  մասնակցել է Ուկրաինայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների  գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստին:

Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանցավորության  դեմ պայքարի վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկայի և այդ ուղղությամբ աշխատանքների կատարելագործմանը վերաբերող հարցը, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու փաստի վրա:

Այդ մասին «Փաստինֆոյին» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Մ. Սարգսյանը նախ տեղեկացրել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարած ոճրագործության մասին, ով, Բուդապեշտում  մասնակցելով ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի  շրջանակներում կազմակերպված դասընթացներին,  2004 թվականի փետրվարի 19-ին  կացնով սպանել է քնած հայազգի սպա  Գուրգեն Մարգարյանին՝ նրա ազգային պատկանելիության, հայ լինելու համար և ընդգծել, որ   Հունգարիայի դատարանի կողմից  2006 թվականի ապրիլի 12-ին Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

«Ադրբեջանական և հունգարական իշխանությունների գաղտնի գործարքի  արդյունքում  Հունգարիան 2012թ օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին հանձնել է  Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանցագործին ներում է շնորհել, նրան ազատել պատժի հետագա կրումից: Բացի  այդ, ավագ լեյտենանտի կոչում ունեցող հանցագործին շնորհվել է մայորի կոչում, վճարվել  8 տարվա աշխատավարձը՝ այն տարիների համար, որոնք նա անցկացրել է Հունգարիայի բանտում, նվիրել են բնակարան: Իրավական տեսանկյունից Ադրբեջանի նախագահը ոչ թե ներում է շնորհել, այլ գործնականում արդարացրել է Սաֆարովին՝ փոխհատուցելով այն վնասները, որոնք նա կրել է պատժի կրման ընթացքում: Այդպիսով  քաջալերել է էթնիկ հողի վրա կատարված սպանությունը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում այսօրինակ հանցագործությունների կրկնության համար ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այլ երկրների տարածքում»,- իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝  արձանագրելով, որ այդպիսով Ադրբեջանը խախտել է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները:

«ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը չի կարող համարժեք գնահատական չտալ Ադրբեջանի գործողություններին, այլապես  Խորհրդի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը՝ որոշումները, համաձայնագրերն ու պայմանագրերը կկորցնեն իրենց գործնական նշանակությունը»,- հայտարարել է Մ.Սարգսյանը և ներկայացրել 4 կետից բաղկացած բանաձև, որում մասնավորապես ասվում է.

«… Հաշվի առնելով, որ  Ադրբեջանի իշխանությունները ներում շնորհելով հանցագործին, նրան տալով մայորի կոչում, վճարելով աշխատավարձ և նվիրելով բնակարան կոպտորեն  խախտել են  «Դատապարտված անձանց հանձնելու մասին», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիաների պահանջները, համամարդկային արժեքներն ու խրախուսել  էթնիկ հողի վրա կատարվող սպանությունները և ըստ այդմ պարարտ հող են ստեղծել այդօրինակ հանցագործությունների կրկնության համար՝  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը ՝

1. Դատապարտում է Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված հանցագործ  Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի  որոշումը:

2. Դատապարտում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու, ինչպես նաև նրան մայորի կոչում տալու, ութ տարվա աշխատավարձ  վճարելու ու բնակարան նվիրելու փաստը:

3. Գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտել են դատապարտված անձանց  հանձնելու մասին կոնվենցիայի պահանջները:

4. Անհանգստություն է հայտնում, որ քնած հայ սպային էթնիկ հողի վրա սպանած  հանցագործին Ադրբեջանում խրախուսելը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նմանատիպ հանցագործությունների կրկնության համար»:

Բանաձևը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից ընդունվել է ի գիտություն:

Տեսանյութեր

Լրահոս