Գրադարանների գողության գործի շրջանակում բռնություններ են եղել
ՀՀ ազգային և ԵՊՀ գրադարաններից առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով այսօր ցուցմունքներ է տվել գործով գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին: Նա հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես գող չեմ, ես գնորդ եմ»,- ասել է նա:
«Փաստինֆոյի» փոխանցմաբ` ամբաստանյալը հայտարարել է, որ Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանից գնել է 17 գիրք՝ 6000 դոլարով: Գրքերը սնկային հիվանդություն ունեցող գրքեր էին, պարզապես ինքը մասնագետ է, բուժելուց հետո պետք է վաճառեր: Առհասարակ, ըստ նրա, բոլորը Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում գիտեն, թե ինչ վիճակում են Հայաստանի գրադարաններում պահվող գրքերը: Եվս 9000 դոլար Հ.Դուրգարյանին տվել է ի պահ՝ գումարը նախատեսված էր իր համար տուն գնելու համար:
Վ.Ազարիաշվիլին ասել է, որ Ազգային գրադարանին պատկանող 2 գիրք է գնել Վերնիսաժից, դրանք իրեն չեն հետաքրքրել, դրա համար տվել է, որ վերավաճառեն:
Վ.Ազարիաշվիլին հայտնել է նաև, որ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դավիթ Ղամբարյանին հարցրել է, թե գրադարանում, արդյոք, գրքեր չե՞ն վաճառվում, վերջինս խորհուրդ է տվել դիմել տնօրենին:
Ըստ նրա, բերման ենթարկվելիս գրադարանի մոտ են գտնվել՝ դուրս էին եկել մոտակա ռեստորանից, մտադիր էին գնալ դիսկոտեկ: Մեքենայում հայտնաբերված բանալիները, լինգն ու դիմակներն իրեն չէին պատկանում, իսկ պայուսակներն իրեն պետք էին գրքերն ու իր հագուստը տեղափոխելու համար:
Վ. Ազարիաշվիլին հերքել է, թե Ե.Ղամբարյանին համագործակցության համար տվել է 20 հազար դոլար:
Վ.Ազարիաշվիլին հայտարարել է, որ ոստիկանության բաժին բերման ենթարկվելու պահից իր նկատմամբ բռնություններ են եղել՝ իրենից ցանկալի ցուցմունքներ ստանալու համար, բռնությունները մինչև հիմա շարունակվում են: Այս մասին տեղյակ են Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և մտադիր են նամակ հղել իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ:
Ըստ մեղադրական եզրակացության, Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե.Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:
2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ.Ազարիաշվիլին, ոմն Վ.Տրուբիցինը և Ե.Ղամբարյանը Հայաստանի ազգային գրադարանից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Ազարիաշվիլին Ե.Ղամբարյանի համագործակցության համար վերջինիս տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:
Բացի այդ, Վ. Ազարիաշվիլին Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հ.Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ.Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանի և Վ. Եղիազարյանի հետ` Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցներ մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Հանցագործության վայրի և հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դ.Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Դ. Ղամբարյանը գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը բացել, ներս է թողել Վ. Ազարիաշվիլուն և Կ.Հովհաննիսյանին: Իսկ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան ծառայակիցը` Ա.Հովսեփյանը, ով նույն օրը ծառայություն է իրականացրել Դ.Ղամբարյանի հետ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ծառայության ավարտից 1 ժամ շուտ լքելով ծառայության վայրը:
Արդյունքում` 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ.Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից: