«Պարետը կարո՞ղ էր գալ և դիմակով «զագար» ընդունել». Սևանի հանգստյան գոտու աշխատակից

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ոստիկանության աշխատակիցները վերջերս ուժեղացված ծառայություն էին իրականացրել Սևանի ափամերձ հատվածներում, զգուշացրել, որ հանգստի մեկնողները պահպանեն սոցիալական հեռավորություն և կրեն դիմակ:

Վերջին կետը դուր չի եկել ո՛չ հանգստի գոտու սեփականատերերին, ո՛չ էլ, առավելևս, քաղաքացիներին:

Չնայած նրան, որ ոստիկանությունը նշել էր՝ դիմակը կարելի է հանել միայն սնվելիս և լողալիս, այնուամենայնիվ, քաղաքից դուրս մեկնողները դա չեն ընդունում:

168.am-ը շրջել է Սևանի ափամերձ տարածքներում և հետաքրքրվել, թե այդ որոշումն արդյոք ազդե՞լ է Սևանում հանգստի մեկնողների թվի վրա:

«Արդեն 1 ամիս է՝ այստեղ ենք, հաճախորդները, որ գալիս են հանգստանալու, ոստիկանները դիմակներ կրելու համար սկսում են տուգանել, բայց երբ մարդն ափին արևայրուք է ընդունում, տաղավարում կոլեկտիվով նստած է, ի՞նչ դիմակ կրի»,- ասաց ափի վարձակալներից մեկը:

Նրանցից մեկի խոսքով՝ վճարում են ամբողջ սեզոնի համար, բայց ստացվում է, որ չեն կարողանալու իրենց գումարն անգամ հետ բերել.

«Նայեք, լրիվ դատարկություն է, սեզոնն էլ ընդամենը 40 օր է լինում, ու այդ 40 օրը մենք չենք կարողանում աշխատել, դրանից հետո էլ արդեն ցուրտ է: Մենք էլ ամբողջ սեզոնի վարձերը տալիս ենք»:

Հանգստյան գոտու աշխատակիցներից մեկն էլ կոչով դիմեց պարետատան աշխատակիցներին.

«Հաճելի կլիներ, որ մարդիկ գային հանգստանային, ոչ թե անհանգստանային: Դուք ո՞նց եք պատկերացնում, մարդիկ ջրի մեջ հանգստանում են, դուրս են գալիս ու թրջված վիճակում պետք է դիմակներ հագնե՞ն, դա ո՞նց կարելի է ընկալել: Դրա համար էլ ո՛չ տուրիստները, որոնք այս պահին Հայաստանում են, ոչ էլ մեր հայ ժողովուրդը չեն կարողանում իրենց հանգիստը վայելել: Ես ուզում եմ հասկանալ՝ պարետը կարո՞ղ էր գալ և դիմակով «զագար» ընդունել, այդ հարցն ինձ հուզում է»:

Տեսանյութեր

Լրահոս