«Դուք չգիտե՞ք, որ ես շատ օրինապաշտ մարդ եմ, միջնորդություններով չեմ զբաղվում». Գագիկ Բեգլարյան

«Տրանսպորտի թանկացման հետ կապված քննարկումներ առայժմ չեն սկսվել, ահազանգեր այդ առումով կան: Քննարկումներն սկսելուն պես ձեզ տեղյակ կպահենք»,- ըստ «Փաստինֆոյի»` անդրադառնալով ուղևորափոխադրումների թանկացման լուրերին՝ այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նախագահի՝ կառավարության նիստում նախարարներին նկատմամբ արված քննադատությունը որքանով էր ուղղված ձեզ հարցին ի պատասխան Գ. Բեգլարյանը նշել է. «Կառավարության նիստում արված ՀՀ նախագահի հորդորները բոլորին էին վերաբերվում: Կարծում եմ՝ բոլորն այդ ուղղությամբ աշխատում են: Կան թերություններ, որոնք պետք է վերացնել անպայման: Մեր նախարարությունում մի քանի հանձնարարականներ են տրվել, թերությունները կարող եմ ասել 90 տոկոսով վերացվել են»:

Լրագրողների այն հարցին, թե պարզվել է, որ ինչ-որ մարդիկ միջամտում են հարկային մարմինների աշխատանքին, արդյոք այդ մարդկանց շարքո՞ւմ է նաև Գ. Բեգլարյանը, Տրանսպորտի և կապի նախարարը պատասխանել է. «Ես երբեք չեմ եղել: Դուք չգիտե՞ք, որ ես շատ օրինապաշտ մարդ եմ, միջնորդություններով չեմ զբաղվում»:

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պետք է բացառվեն հարկային մարմինների նկատմամբ ցանկացած տեսակի միջամտությունները, որոնք առկա են ՀՀ-ում: Վարչապետը խոստացավ անձնական վերահսկողություն սահմանել այս խնդրի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս