«Պատվաստանյութ կա». Արսեն Թորոսյան

«Մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի, արդեն մի քանի օր է չունենք, 0 է թիվը». Կառավարության հուլիսի 9-ի նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Նախարարը նաև նշեց, որ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս:

«Շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվն առավոտյան ժամը 9-ի դրությամբ 13 է, օրվա ընթացքում այդ թիվը տատանվում է մոտավորապես այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ բոլոր պատշաճ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը դեռ մնում է լարված, քանի որ նոր մարտահրավերը մեծ ռիսկ է պարունակում բոլորի համար: Թորոսյանն ասաց, որ նոր ծավալումներ են լինելու մոտակա շաբաթներին և ամիսներին:

«Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա»,- ասաց Առողջապահության նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի ելույթը լրացնելով՝ ասաց.

«Վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի, քանի որ չենք կարող վստահաբար նշել, որ վաղը-մյուս օրը նույնքան  կայուն կմնա իրավիճակը, հետևաբար՝ թվերի փոփոխությունից շղթայական նեգատիվ զարգացում չենք ունենա: Ուզում եմ արձանագրել, որ վերջին շրջանում ծավալվեցինք Սպիտակում, Մարտունիում,  առաջիկայում սպասում ենք վերակենդանացման նոր բաժանմունքների բացում Էրեբունի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներում»:

Արսեն Թորոսյանը բուժկենտրոնների սպասվելիք ծավալումների ցանկին ավելացրեց նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Ասաց, որ արագ չեն լինի ծավալումները, քանի որ բաժանմունքները զրոյից են ստեղծվում: Իրենց կանխատեսումներով՝ աշխատանքները կավարտվեն օգստոսի վերջին, մինչև սեպտեմբեր: Նախարարը նշեց, որ աշնանն ակնկալվում է դեպքերի աճ, հետևաբար՝ սա տեղին ծավալում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պատվաստանյութերի ձեռքբերման շուրջ ընթացող բանակցություններին՝ հիշեցնելով  Կառավարության նախորդ նիստից հետո թեմայի  շուրջ բարձրացված հարցերը.

«Քննարկվեց, թե ինչպե՞ս է, որ պատվաստանյութ չկա, բայց Կառավարությունն ու ԱՆ-ն բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար: Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, կան երկրներ, որոնք արդեն գնում են արել, գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ այդ ապագա գնումն արել են, ինչը մտավախություն է առաջացնում, որ պատվաստանյութերի ստեղծման պահից ամբողջ խմբաքանակը կհայտնվի մի քանի երկրների տրամադրության տակ, մեխանիզմներ են մտածվում, թե ի՞նչ անել, որ դա տեղի չունենա»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելացրեց.

«Պատվաստանյութ կա: Կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ընկերություններ կան, որոնք  տասնյակ-հազարներով դրանք արտադրել են, իրենք կան ամեն ինչով, մինչև վերջնական պրոդուկտը, որպեսզի շարունակեն կլինիկական փորձարկումները: Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, և ոչ թե՝ ապրանքների լինել-չլինելու: Իրենք շատ են, վերջնական հաստատումն էլ լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»:

Տեսանյութեր

Լրահոս