«Վրաստանում ընտրությունների ժամանակ կաշառք է բաժանվել բյուջեից»
«Այն, ինչ կատարվեց Վրաստանում, շատ հետաքրքիր է, սակայն Հայաստանում այդ ամենի մասին կատարված եզրահանգումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ վրացական ընտրությունների ընթացքում կաշառք չի բաժանվել. «Կաշառք բաժանվել է, այն էլ ինչ կերպ: Դատելով կատարվածից՝ կաշառք այնտեղ բաժանվել է ավելի մեծ չափերով, քան Հայաստանում: Կաշառք է բաժանվել ամբողջ երկրում: Եթե Հայաստանում կաշառք է բաժանվել օլիգարխների գրպանից, ապա Վրաստանում, որտեղ, բացի Բիձինայից ու Սահակաշվիլիից այլ օլիգարխներ չկան, կաշառքը բաժանվել է բյուջեից»:
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով`«Վրացական երազանք» կուսակցության առաջին գործերից մեկը հավանաբար Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձը կլինի:
«Սահակաշվիլիի օրոք Վրաստանի համար իրական մայրաքաղաք եղել է ոչ թե Թբիլիսին, այլ Վաշինգտոնը: Սահակաշվիլին արևմտամետ քաղաքականություն էր վարում, հակասովորույթային, հետևաբար՝ նաև հակաեկեղեցական: Իսկ եկեղեցին Վրաստանում շատ կարևոր քաղաքական մարմին է: Բիձինայի մոտ հակառակն է»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: