Ձերբակալվել է Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտրնատի» տնօրենը

Ձերբակալվել է Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտրնատի» տնօրեն Նվեր Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Սեպտեմբերի 18-ին hetq.am կայքում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը, որտեղ նշվում էր, որ Նվեր Հովհաննիսյանը հոգեբուժարնի հիվանդներին ստիպել է անասուններ պահել:

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասունները:

Պարզվել է նաև, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:

Նվեր Հովհաննիսյանը ծնվել է 1958 թվականին:

Լուսանկարը` hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս