Սաֆարովի արտահանձնումը համաեվրոպական արժեքների ու արդարադատության ֆիասկոն է

Սաֆարովին արտահանձնելու որոշումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն։ Հանցագործ Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի ամենամեծ խայտառակություներից մեկը»,- ասված է հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի Երևանի ժամանակով ժամը 20-ին նախատեսված ելույթում:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կայքէջում տեղադրված տեքստի, ելույթում ընդգծված է. «Վերջին շրջանում մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով եվրոչինովնիկներ և եվրոպատգամավորներ գնում, որոնցից ոմանք նստած են այս դահլիճում, մեր կողքին, և բացարձակապես անհարմար չեն զգում «Ադրբեջանի խավիարակիր» տիտղոսից»։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե Եվրոպան, եվրոպական հեղինակավոր կառույցները, ԵԽ ԽՎ-ն, բացի հայտարարություններ անելուց, հստակ քայլեր չձեռնարկեն Ադրբեջանի հանդեպ, լրջագույնս կվտանգվեն եվրոպական արդարատադությունն ու եվրոպական արժեքները։ «Կարծում եմ, այլևս բոլորի համար պարզ ու հասկանալի պիտի լինի, որ երբեք ու երբեք Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել մի պետության կազմում, որտեղ ազգային հողի վրա կատարված սպանությունը համարվում է սեփական երկրին մատուցած ամենամեծ հերոսությունը»,- նշված է Ն.Զոհրաբյանի ելույթի տեքստում։

Ըստ նրա, գուցեև Ադրբեջանը կարող է գնել օլիմպիական ոսկե մեդալներ, կարող է աննախադեպ փրկագին սահմանել վախկոտ մի հրեշի համար, որն ունակ է միայն քնած մարդ կացնահարել, սակայն, մեկ բան աներկբա է՝ «սաֆարովներ ծնած ու սաֆարովներին հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը»։

Ն.Զոհրաբյանի ելույթն ավարտվում է ադրբեջանցի հրապարակախոս Յուսիֆ Սուֆինի դիտարկմամբ՝ «Ադրբեջանն իր այս քայլով միջազգային հարթակներում ամրապնդեց մարդասպաններին հերոսացնելու իր կերպարը»:

«Մնում է, որ մենք ևս սթափ գնահատենք իրավիճակն ու ինքներս մեզ հարց տանք՝ իրավունք ո՞ւնի մեր ընտանիքում լինել մի երկիր, որի ազգային հերոսը մարդասպանն է», -ընդգծում է նա։

Տեսանյութեր

Լրահոս