Ինչո՞ւ է զարմանում Ժան-Կլոդ Մինյոնը

Հոկտեմբերի 4-ին ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում կքննարկվի Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործը: Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Տեղյակ եք, որ ԵԽ ԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը երեկ Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ անընդունելի է համարում Հայաստանի` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցման որոշումը: Պարոն Ժան-Կլոդ Մինյոնն ասել էր` «Ինչպե՞ս է հնարավոր, որ Եվրոպայի խորհրդի նման կազմակերպությունում մեկ անդամ-պետությունը դադարեցնի իր հարաբերությունները մյուսի հետ: Դուք պետք է բանակցություններ սկսեք: Մենք դրա համար ենք այստեղ»: Անկեղծ ասած` մտածում էի, թե հարցի քննարկումը գնալու է Ադրբեջանին դատապարտելու և կարգի հրավիրելու շրջանակներում, և դեռ համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են եվրոպական մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ դժվար հասկանում իրենց իսկ որդեգրած խաղի կանոնները, որոնք այլ բառով կոչում են` եվրոպական արժեհամակարգ: Հայկական ժողովրդական ասացվածքն այստեղ, թերևս, տեղին է.  սելը ճռռալու տեղ՝ սելվորն է ճռռում: Ուզում եմ հարցնել պարոն Մինյոնին՝ իսկ արդյոք առավել զարմանալի չէ՞, որ նույն այդ եվրոպական երկրում դատապարտված կացնասպանին ԵԽ անդամ մեկ այլ երկիր, ամբողջ Եվրոպայի աչքի առաջ, ոչ միայն տեղափոխում է, այլև` հերոսացնում և ազատ արձակում: Կարծում եմ, մեր եվրոպացի գործընկերներն իրենց զարմանքի շարքն այստեղից սկսած լինելու դեպքում ահագին օգնած կլինեին իրենց իսկ դավանած արժեհամակարգին և, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս