Միակ ընդդիմացողը

Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագիրը, որի վավերացման դեմ երեկ հանդես եկավ միայն նախկին արտգործնախարար, ԱԺ Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա այդ համաձայնագրի ստորագրումը վտանգավոր է համարում այնքանով, որ Հայաստանն իր տարածքում ոչ ՀԱՊԿ անդամ պետության ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու համար պետք է ունենա ՀԱՊԿ անդամ երկրների համաձայնությունը, այդպիսով կորցնելով իր ինքնիշխանության մի մասը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հակադարձելով այդ պնդումներին` ասաց, որ պետք է լինի ոչ թե համաձայնություն, այլ չլինի առարկություն, որը, ըստ էության, նույնն է:

Իսկ ինքնիշխանության կորստի մասով նշեց, թե ցանկացած միջազգային համաձայնագիր ենթադրում է որոշակի պարտավորությունների ստանձնում, ինչը նշանակում է նաև սահմանափակումներ, այդ թվում` սուվերենության հարցում: Բայց ամենակարևոր հարցը, որ այդպես էլ չպարզաբանվեց, այն է, թե ինչ է նշանակում` «ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ»: Շավարշ Քոչարյանը միայն ասաց, որ շատերը աբսուրդի են հասնում, նշելով, որ այդպիսին կարող է դիտարկվել հիվանդանոցը կամ գրադարանը, բայց չհստակեցրեց, թե ի վերջո ինչը կարելի է համարել ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ, ինչ` ոչ: Այս համաձայնագիրը չքվեարկվեց, թեև պարզ էր, որ ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունը ՀԱՊԿ անմնացորդ նվիրյալներ են:

Տեսանյութեր

Լրահոս