Բակո Սահակյանն ընդունել է Ուելի Լոյենբերգերին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում:

Նա ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարևորելով խորհրդարանների միջև կայուն կապերի և գործնական հարաբերությունների հաստատումը:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի: Երկուստեք կարևորվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս