«Մենք պատրաստ ենք պատերազմի՝ անկախ այն բանից՝ մեզ թույլ կտա՞ն, թե՞ չեն տա». Բեկ
Մենք պատերազմից չենք վախենում և պատրաստ ենք պատերազմի․ 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը (Բեկ)՝ հիշելով, թե ոնց են պատերազմի ժամանակ թուրքերը վախկոտի պես փախչել մարտի դաշտից:
«Մենք պատրաստ ենք պատերազմի՝ անկախ այն բանից՝ մեզ թույլ կտա՞ն, թե՞ չեն տա: Մենք գրեթե 10.000 զոհ ենք ունեցել, և ամբողջ Արցախի տարածքը «ճպճպում է» էդ տղերքի արյունով: Մի մետր հող տալու իրավունք չունենք, ինչ համանախագահ ուզում է լինի, ով ուզում է լինի: Վերջին կաթիլ արյունը կթափենք, բայց անգամ մի սանտիմետր հող տալու իրավունք չունենք: Եվ ոչ ոք չունի՝ անկախ նրանից, թե ով կլինի երկրի ղեկավարը, ով կլինի ԵԿՄ վարչության նախագահը: Կրկնում եմ՝ բացարձակ մի սանտիմետր հող տալու իրավունք չունենք: Սա մենակ իմ խոսքը չի, սա բոլոր իսկական ազատամարտիկների խոսքն է, արյուն թափած տղերքի ցանկությունը: Օրական 5-10.000 տղու հետ եմ «խոսում», մենք իրանց հոգու առաջ պարտք ունենք՝ Կարենի, Վարդանի, Սամվելի, Մխիթարի, Գեղամի, ես ո՞նց իրանց հոգու առաջ պատասխան տամ: Մի սանտիմետր հող տալու իրավունք չունենք, հակառակը՝ պիտի ավելի առաջ գնանք՝ Եվլախով մինչև Բաքու»,- նշեց նա:
Հարցին, թե ունե՞նք համապատասխան ռեսուրսներ, ազատամարտիկը պնդեց՝ այո:
«Ռեսուրս միանշանակ ունենք: Եթե խոսքը ֆինանսականի մասին է, ապա էն թվին, երբ մենք պատերազմ գնացինք, մեր ընտանիքներում հացի ոչ մի կոպեկ փող չկար, մենք էլ հրացանով ենք գնացել կռիվ, իսկ այսօր զենքն ունենք, դրսից-ներսից էլ օգնողներ կան: Էնքան հայրենասեր մարդիկ կան. կարող է՝ մարդը չի կարողանում գնա կռիվ, ուրիշ ձևով է ներդրում ունենում: Ոչ մի խնդիր չկա: Վախկոտները, ուզում է՝ միլիարդ էլ լինի, պարտվելու են, իսկ հզորներին՝ իսկական կռվող տղերքին, ոչ ուտելիք է պետք, ոչ էլ, նրանք սոված էլ կգնան կկռվեն: Մեզ զենք է պետք, փառք Աստծո, Արցախում լիքն է»,- պնդեց Աղաբեկ Խաչատրյանը:
Հարցին, թե ազատամարտիկները, կռված տղերքը հիասթափված չե՞ն, ազատամարտիկն արձագանքեց. «Քաղաքական դաշտի մասին չեմ խոսում, բայց ինչքան էլ հիասթափված լինեն, լինենք, մենք նույն հոգեբանությունն ունենք՝ պատրաստ ենք մեր երկիրը պաշտպանելու և քայլ առ քայլ նույնիսկ առաջ գնալու»: