«Սահմանադրության՝ ուժի մեջ գտնվելը չպետք է պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի ստորագրությունով». Վլադիմիր Վարդանյան
Քիչ առաջ Ազգային ժողովում (ԱԺ) ավարտվեց ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում երկու հարց էր ընդգրկված, որոնցից մեկը՝ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ԱԺ-ում քննարկվել և ընդունվել է 1-ին ընթերցմամբ:
«Այս նիստին մենք հարցը քննարկելու ենք 2-րդ ընթերցմամբ: Այս հարցով հիմնական զեկուցող է հանդիսանում Վահագն Հովակիմյանը: Հարակից զեկուցողն է Աննա Կարապետյանը, և այս հարցով կառավարության ներկայացուցիչն արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն է»,- նիստի բացմանն ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում լրամշակումներ էին արվել, ապա սկսեց ներկայացնել դրանք, սակայն, քանի որ չէր հասկացվում, թե ինչ է կարդում պատգամավորը, ու ինչ փոփոխություններ են արվել օրենքում, անճշտություններից խուսափելու համար չենք նշում դրանք:
Ի վերջո, հանձնաժողովի նախագահի համբերությունն էլ սպառվեց ըստ էության, ու նա խնդրեց պատճենահանել Վահագն Հովակիմյանի կարդացած տեքստը և բաժանել հանձնաժողովի անդամներին ու ներկաներին:
Հիմնական զեկուցողին հարցեր չեղան:
Հարակից զեկուցող Աննա Կարապետյանն էլ նշեց, որ 1-2-րդ ընթերցում առաջարկներ չեն ստացվել, ու առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:
Կառավարության ներկայացուցիչ Վահե Դանիելյանն էլ նշեց, որ իրենց առաջարկություններն ամբողջովին ընդունվել են, ինչը վերաբերում էր նախագծի հստակությանը և հոդվածներից մեկում հարակից դրույթներ ներառելուն: Նա նույնպես ասաց, որ առարկություններ կառավարությունը չունի:
Նախագծի հետ կապված՝ անդրադարձ կատարեց Վլադիմիր Վարդանյանը:
«Ըստ էության նախագիծը նպատակ է հետապնդում հստակեցնել կանոնակարգ-օրենքի որոշակի դրույթներ՝ ելնելով այն կարևոր կանխադրույթից, որ ըստ էության մենք գտնվում ենք զարգացող իրավահարաբերությունների ոլորտում, և գործողության մեջ է օրենքը դրսևորում իր դրական և բացասական կողմերը: Բավականին ուշագրավ է պարոն Հովակիմյանի առաջարկությունը՝ կապված Սահմանադրության տեքստի հրապարակման հետ: Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որևիցե դեպք չի եղել, որ որևիցե պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որևիցե տեքստ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝վերջին հանգամանքը պայմանավորելով նրանով, որ հանրաքվեով է նախկինում ընդունվել Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն:
Բայց, այդուհանդերձ, ըստ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի, տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության՝ ուժի մեջ գտնվելը չպետք է պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի ստորագրությունով:
«Դրանից հետո կարիք չի առաջանում որևիցե եղանակով որևէ սուբյեկտի համաձայնությունը ստանալ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ կոչ անելով հավանություն տալ այս տեքստին:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
Պետաիրավական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված 2-րդ հարցը, ըստ նիստը նախագահողի, ՀՀ Սահմանադրության փոփոխություններն են, որոնք հեղինակել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Այս հարցով կրկին հիմնական զեկուցողը Վահագն Հովակիմյանն էր, հարակից զեկուցողը՝ Նազելի Բաղդասարյանը, կառավարության ներկայացուցիչն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր:
Հիմնական զեկուցողը 2-րդ ընթերցումից առաջ առաջարկ չուներ, իսկ հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանի կարծիքով՝ նախագիծը խիստ լեգիտիմ է, և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: Ասելիք չուներ նաև հարակից զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ՍԴ դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում թեկնածու առաջադրելու համար մեկամսյա ժամկետ է սահմանված, սակայն ինքն առաջարկում է երկամսյա ժամկետ:
Առաջարկներ ունեին նաև հանձնաժողովի անդամներ Հերիքնազ Տիգրանյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը: Հերիքնազ Տիգրանյանն արդյունքում չպնդեց իր առաջարկը, չքվեարկվեց նաև Նիկոլայ Բաղդասարյանի առաջարկը:
Այս նախագիծը նույնպես ընդունվեց միաձայն:
Մանրամասները՝ տեսանյութում