Խախտվել են և’ «Սիվիլիթասի», և’ Հանթսմանների իրավունքները

Վարդան Օսկանյանը ՀՀ գլխավոր դատախազությանը տրամնադրել է բանկային հաշիվներում դրամական միջոցների շարժը, ինչից ակհայտ երևում է, որ բարեգործական նպատակների համար նախատեսված դրամական միջոցների մի մասը ծախսվել է անձնական նպատակներով: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»` ԱԺ նիստում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով Վ.Օսկանյանին բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի տրամադրման համար:

Ըստ Ա.Հովսեփյանի, քրեական գործը հարուցվել է դրամական միջոցների անօրինական շարժերից ելնելով: Նա հայտնել է, որ հիշյալ գումարից 520 մլն դրամը դիտարկվում է որպես յուրացման առարկա: Բացի այդ «Հանթսման Ինթերնեշնլ Քորփորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին` դրա հիմնադիր և խորհրդի նախագահ Վ.Օսկանյանի միջոցով` բացառապես բարեգործական նպատակներով, Հանթսմանների ընտանիքի անունը նշելու պայմանով, ինչը չի արվել:

Ա.Հովսեփյանն ընդգծել է, որ տվյալ դեպքում խախտվել են և «Սիվիլիթաս»-ի, և Հանթսմանների իրավունքները: Պետության հանդեպ հարկային պարտավորություններ չեն եղել, քանի որ գումարները բարեգործական նպատակներով են տրամադրվել:

Տեսանյութեր

Լրահոս