Օսկանյանի հարցի քվեարկությունը վտանգված է
168.am-ի թղթակիցը խորհրդարանից հայտնում է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները որոշել են չմասնակցել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քվեարկությանը:
Այս պահին հայտնի չէ` արդյոք ՀԱԿ խմբակցությունը կմասնակցի՞ քվեարկությանը, թե՞ ոչ: Վերջինիս չմասնակցելու դեպքում իշխող մեծամասնությունը կարող է խնդիրներ ունենալ ոչ միայն քվեարկության, այլև քվորում ապահովելու հարցում: Հատկապես, որ առավոտյան տեղի ունեցած օրինագծերից մեկի քվեարկության ժամանակ ներկա է եղել ուղիղ 66 պատգամավոր:
Այսինքն`եթե էլեկտրոնային քվեարկության ժամանակ քվեարկել է այդքան թվով պատգամավոր, ապա ակնհայտ է, որ փակ, գաղտնի քվեարկության պարագայում իշխանությունները կարող են հայտնվել փաստի առաջ:
Ի դեպ, հաշվիչ հանձնաժողովում իրենց անդամներին փոխել են ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»: «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի փոխարեն՝ ներգրավվել է Ալեքսանդր Արզումանյանը, իսկ ԲՀԿ-ից Վահագն Մախսուդյանի փոխարեն` Տիգրան Ուրիխանյանը: