«Թող գլուխներից բռնեն, հետո մտածեն Օսկանյանի մասին». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ես նախկինում արդեն ասել եմ` նաև հղում կատարելով իր հեռուստատեսային ելույթներին, հատկապես իր վերջին հանդիմանանքին, որ ողջունելի է, բայց խիստ ընտրովի է և խիստ ուշացած»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` թե հաշվի առնելով, որ քրեական հետապնդման է ենթարկվում ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլև ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, այդ գործընթացը նույնպես համարում եք նախընտրակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, նախագահի կողմից կա անկեղծ ցանկություն՝ գործերը կարգի բերելու:
«Ես կարծում եմ, որ ընդգծված ձևով նախընտրական մոտեցում է: Այս ամեն ինչն ակնհայտ էր 4 տարի առաջ, և այդ քայլերը պետք է կատարվեին շատ ավելի շուտ: Սա նախընտրական արշավի մաս է կազմում: Դա չի նշանակում, որ մեր քաղաքական դաշտը կամ հասարակությունը կիսվում է սևերի և սպիտակների, որովհետև նույն պարոն Օսկանյանի կուսակցությունը և նաև ինքը պատասխանելիք ունի ընտրական իր վարքի վերաբերյալ, բայց խոսքն այսօր ԱԺ-ում հարուցվելիք միջնորդության մասին է, և այստեղ կարող ենք ասել, որ առանձնացված է, ընտրովի է և նախընտրական: Նայենք մեր շուրջը. նայենք նախագահներին, վարչապետներին, ԱԺ նախագահներին, շտաբի պետերին, կուսակցապետերին: Օսկանյանի՞ն են կպնում իրենցից առաջ, գլուխների՞ց են բռնում: Թող գլուխներից բռնեն, հետո մտածեն Օսկանյանի մասին»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: