Օսկանյանին կալանելու կամ ձերբակալելու հարց առաջ չի քաշվում
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Protesters-rally-in-front-of-the-RA-NA-building-demanding-to-stop-political-persecution-against-Vardan-Oskanyan03-e1349089356558.jpg)
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իր կողմից ԱԺ ներկայացված միջնորդագիրը վերաբերում է միայն քրեական գործով Վարդան Օսկանյանի կարգավիճակը փոխելուն՝ որպես մեղադրյալ ներգրավելուն, որը, ըստ Ա. Հովսեփյանի` հնարավորություն կտա նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն որպես մեղադրյալ հարցումներ անել, դատարանում միջնորդել, որպեսզի որոշումներ կայացվի այս բոլոր դրամական միջոցների շարժը դատավարական եղանակով ստուգելու, ի հայտ բերելու, օրինական ճանապարհով գնահատելու, այսինքն՝ իրականացնելու բազմակողմանի, լրիվ նախաքննություն:
«Այստեղ միջնորդությունը արված է միայն և միայն որպես մեղադրյալ ներգրավելու և որևէ կալանքի կամ ձերբակալության հարց առաջ չի քաշվում: Դրանով նախաքննության մարմինը հնարավորություն է տալիս Վարդան Օսկանյանին զբաղվել իր պատգամավորական գործունեությամբ, օգտագործել ԱԺ ամբիոնը, ազատ տեղաշարժվել»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` Վ.Օսկանյանի կարգավիճակը կարգավիճակը փոխելով, նա հնարավորություն կստանա գործում ներգրավել դատապաշտպաններ, ովքեր կիրականցնեն նրա շահերի պաշտպանությունը և հնարավորություն կունենան ծանոթանալու գործի քննությամբ ձեռք բերված որոշ փաստաթղթերի, ինչի իրավունքը այժմ Վ.Օսկանյանը չունի: