Բաժիններ՝

Լիտվան բուժանձնակազմ և բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան

Շիաուլյայի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։

Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում հունիսի 19-ին տեղի ոէ ւնեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։

8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանություններով հանդես են եկել Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի ԱԳՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Ռասա Կաիրիենեն, Լիտվայի խոշորագույն Սանտարիշկես և Պանիվեժեսի հիվանդանոցների տնօրենները։

Լիտվայի առողջապահության նախարարը նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծել է, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում երեք մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Եզրափակելով խոսքը` նախարար Վերիգան հույս է հայտնել, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշել է, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։

Դեսպանը նաև նշել է, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս