«Այժմյան սակագնի շրջանակներում ո՞ւմ համար է սակագինը փոխվելու, այն որքա՞ն գումար է կազմելու». ԼՀԿ պատգամավորը՝ ՀԾԿՀ անդամին
Այսօր ԱԺ հերթական նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գազի սակագնի հետ կապված հարց ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանին:
«Երբ սահմանի վրա գազի գինը բարձրացավ, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցի, որ ձևավորվում է ֆինանսական ճեղք, որը պետք է փակվի: Այն կարող է փակվել կա՛մ սակագների բարձրացման հաշվին, կա՛մ պետությունը պետք է հատուցի, կամ էլ այն մնալու է կազմակերպության վրա, տվյալ դեպքում՝ «Գազպրոմ Արմենիայի»: Հիմա հարց՝ ի վերջո, այս 1,5 տարվա ընթացքում ո՞ր ծախսերի հաշվին է փակվել այդ ֆինանսական ճեղքը, թե՞ այն չի փակվել և պարզապես ճեղքը կուտակվում է: Բացի այդ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման ոլորտում կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը փոխելու ուղղությամբ, որի մասին բազմիցս խոսել ենք:
Նաև խնդրում եմ, ևս մեկ անգամ հնչեցրեք, որ այժմյան սակագնի շրջանակներում ո՞ւմ համար է սակագինը փոխվելու, և այն որքա՞ն գումար է կազմելու»,- հարցրեց Արկադի Խաչատրյանը:
ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանը հնչեցրած հարցին ի պատասխան՝ ասաց, որ փոփոխությունը կատարվում է 10 հազարից ավելի գազամատակարարման գազի ծախս ունեցող բաժանորդների մոտ:
«Գյուղոլորտի վերամշակող բաժանորդների մոտ՝ 212-224 դոլար: Ինչ վերաբերում է կորուստների նորմաներին, ապա Կառավարության որոշմամբ հաստատվել է մեթոդաբանություն, կարծում եմ՝ դրա լիազոր մարմինը նախկինում Էներգետիկայի նախարարությունն էր: Հիմա դրա վրա հանձնաժողովն ուշադրություն է դարձնում՝ փոփոխությունների առումով»,- շեշտեց Կ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ծախսերի կրճատմանը, ապա ՀԾԿՀ անդամը նշեց, որ 2019 թվականին, երբ գազի սակագինը բարձրացավ, ամբողջ տարվա ընթացքում իրականացվեց միանվագ ծախսերի կրճատում: «Մանրամասն չեմ կարող ասել՝ որ ծախսից ինչքան է կրճատվել, բայց տարվա համար իրականացվելիք նորոգման աշխատանքները, նյութատեխնիկական բազայի ձեռքբերման աշխատանքները կրեցին ծախսերի միանգամյա բնույթ»,- եզրափակեց ՀԾԿՀ անդամը։